Nissan ընկերությունը ներկայացրել է Micra մոդելի նոր՝ վեցերորդ սերունդը։ Այս անգամ առանց ներքին այրման շարժիչների, կոմպակտ հեչբեքը դարձել է լիովին էլեկտրական և կառուցված է Renault 5-ի հիմքի վրա, սակայն տարբերվում է օրիգինալ դիզայնի տարրերով։
Մասնավորապես, մեքենան ստացել է վերափոխված դիմային և ետևի հատված՝ կլոր լուսարձակներով։ Փոխվել են նաև կողային հատվածները:

Micra-ն մնում է իր դասի ամենակոմպակտ մեքենաներից մեկը․ երկարությունը 4 մետրից պակաս է, լայնությունը՝ մոտ 1.8 մետր, իսկ անիվների հիմքը՝ 2.54 մետր։ Չնայած համեստ չափսերին՝ հեչբեքը կարող է համալրվել 18 դյույմ տրամագծով անիվներով՝ դիզայնի երեք տարբերակով:
Ինտերիերը գրեթե ամբողջությամբ փոխառնված է Renault 5-ից։ Առջևի վահանակի վրա տեղադրված են երկու 10.1-դյույմանոց էկրաններ, որոնք մի փոքր ուղղված են վարորդի կողմը։

Կենտրոնական օդափոխիչների տակ տեղադրված են ֆիզիկական կառավարման կոճակներ։ Հետաքրքիր առանձնահատկություններից է սրահի լուսավորությունը՝ հասանելի 48 երանգներով: Սա հազվադեպ է B դասի ավտոմեքենաների համար։

Micra-ն կունենա երկու տարբերակ՝ 40 կՎտ/ժ հզորությամբ հիմնական մարտկոց և 52 կՎտ/ժ հզորությամբ ընդլայնված տարբերակ։ Առաջին դեպքում էլեկտրաշարժիչը արտադրում է 90 կՎտ (122 ձիաուժ) հզորություն, երկրորդ դեպքում՝ 110 կՎտ (150 ձիաուժ)։
Մոդելը մի դեպքում կարողանում է անցնել 310 կմ ճանապարհ, մյուս դեպքում՝ 408 կմ։ Մեքենայի զանգվածը կախված կոնֆիգուրացիայից՝ կազմում է 1400-ից մինչև 1524 կգ։

Micra-ի արտադրությունը կկազմակերպվի Renault-ի Ֆրանսիայում գտնվող գործարանում, որտեղ 2024 թվականից արտադրվում է նաև Renault 5-ը։ Նոր էլեկտրամեքենայի եվրոպական վաճառքները կսկսվեն մինչև տարեվերջ: