Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ղազախստանի Կոստանայ քաղաքում անցկացված «QITFest» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է հատուկ մրցանակով։ Թատրոնը փառատոնին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, պարգևատրվել է Ի. Օմարովի անվան հատուկ մրցանակով, ստացել է նաև դրամական պարգև։

Մրցութային այս փառատոնին մասնակցել են 15 երկրներ։ Այն անցկացվել է Ի. Օմարովի անվան Կոստանայի շրջանային ղազախական դրամատիկական թատրոնում։ Փառատոնի նպատակն է՝ պահպանել, զարգացնել և տարածել թատերական արվեստի լավագույն ձեռքբերումները, ինչպես նաև խթանել միջազգային մշակութային համագործակցությունը։
Հայաստանից փառատոնի կազմակերպիչների կողմից ընտրվել էր Գյումրու դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելու ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը։ Ներկայացման բեմադրությունը թատրոնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանինն է: Ներկայացումը նախորդ տարի արժանացել էր «Արտավազդ» ազգային թատերական մրցանակին՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ փառատոնն առաջին անգամ է անցկացվել մրցութային ձևաչափով, և Հայաստանից մասնակից ներկայացումը ընտրվել է կազմակերպիչների կողմից։
«Մեր ներկայացման առանձնահատկությունն այն է, որ նույնիսկ եթե լեզուն չհասկանա, հանդիսատեսը սյուժեն լիարժեք ընկալում է։ Փառատոնում կարևոր էր ոչ միայն արտահայտչականությունը, այլև մտքի խորությունը։ «Տունը սահմանին»-ը ստեղծագործություն է՝ խորհելու և արժեւորելու ժամանակակից խնդիրները»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։
