OpenAI-ն ուզում է գնել Google-ի Chrome բրաուզերը

OpenAI-ը շահագրգռված է գնել Google-ի Chrome բրաուզերը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

ChatGPT-ի համար պատասխանատու Նիկ Թարլին նշել է, որ ChatGPT-ն այժմ հասանելի է Chrome-ի համար, սակայն եթե OpenAI-ը գնի այն, չաթբոթը կարող է առավելագույնս ինտեգրվել Chrome-ին:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով Google-ից հրաժարվել բրաուզերի սեփականության իրավունքից և արգելել նրան պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ՝ կապված տեխնոլոգիական հսկայի որոնողական համակարգի օգտագործման հետ իրենց պրոդուկտներում:

Այսպիսով, ԱՄՆ կառավարությունը ձգտում է Google-ին զրկել մենաշնորհային դիրքից, ինչը, ըստ նրա, թույլ չի տալիս պոտենցիալ մրցակիցներին «վերահսկել ինտերնետային որոնման զգալի մասը»:

2024 թվականի օգոստոսի 5-ին Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը հայտարարել էր, որ Google-ը չարաշահել է իր շուկայական դիրքը՝ պահպանելու մենաշնորհը որոնման համակարգերում և առցանց գովազդում: Դատարանը վճռել էր, որ ընկերությունը արգելափակել է ինտերնետ որոնման շուկայի մոտ 90%-ը մրցակիցներից՝ գործարք կնքելով էլեկտրոնիկայի արտադրող Apple-ի հետ՝ Google-ը դարձնելու իր Safari բրաուզերի լռելյայն որոնիչ: Նմանատիպ պայմանագրեր են կնքվել սարքավորումներ արտադրող Samsung ընկերության և Verizon բջջային օպերատորի հետ։

ajax-loader