Նոր սարքավորումներով օդի աղտոտվածության տվյալներն online կներկայացվեն հանրությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին։

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոտմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալներ, որոնք իրական ժամանակում հասանելի կլինեն նաև հանրությանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս մոնիթորինգն իրականացվում է նմուշառում և այնուհետ՝ լաբորատոր անալիզներ՝ շղթայով, որի պատճառով մթնոլորտային օդի որակի մասին հանրությունը տեղեկանում է առնվազն երեք օր հետո, ինչը ժամանակավրեպ է:

Ներկայումս ՀՀ-ում մթնլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե՛ կիրառվող տեխնոլոգիաների և թե՛ դիտարկվող պարամետրերի տեսանկյունից:

Շրջակա միջավայրի նախարարության ՀՄԿ-ը ներկայումս արդիականացնում է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը։

Արդիականացման շրջանակներում պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին ձեռք է բերվել օդի որակի մոնիթորինգի երկու ռեֆերենս դիտակայան, ինչը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը):

Մթնոլորտային օդի որակի համակարգի զարգացման շարունակությունը ակնկալվում է իրականացնել Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում, որի հաստատման դեպքում հնարավորություն կլինի արդիակացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցի 3 դիտակայան, որոնք զինված կլինեն մթնոլորտային օդի աղտոտիչների ավտոմատ չափվող ժամանակակից (Ճապոնական Horiba մակնիշի) սարքավորումներով։

ajax-loader