Ի՞նչն է կարևոր երկրաբանական գործում․ NORGEO-ի տնօրենը՝ ստանդարտների և տնտեսական ազդակների մասին

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ  NORGEO երկրաբանական կազմակերպությունը տարածաշրջանում խոշորագույններից է։ Հիմնվել է 2012-ին՝ սկզբում մատուցելով երկրաբանական ուսումնասիրությունների ծառայություններ։ Ժամանակի ընթացքում ընդլայնվել է՝ վերածվելով տնտեսության կարևորագույն ճյուղերը սպասարկող կազմակերպության։ Ընկերության գործունեության և անելիքների մասին armhanq.com-ը զրուցել է NORGEO-ի տնօրեն Դավիթ Դավթյանի հետ։

Ի՞նչ տեխնիկայով եք սկսել, և ի՞նչ ձեռքբերումներ ունեք հիմա։

-Սկզբում ունեցել ենք հին տեխնիկա՝ խորհրդային սովորական մի հորատող հաստոց էր, որը ձեռք էինք բերել մեծ դժվարությամբ։ Հետո, տարիներ շարունակ անդադար աշխատելով, աստիճանաբար սկսեցինք գնել հորատող, տարաբնույթ փորձեր կատարող նորագույն սարքավորումներ։ Այժմ Հայաստանում ամենամեծն ենք երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների  շարքում։

Ունենք մոտ 20 հորատող հաստոց, տեխնիկան հիմնականում եվրոպական և չինական արտադրության է։ Գնում ենք ամենաժամանակակից արտադրանքը, որը կա աշխարհում՝ երկրաբանահետախուզական ասպարեզում։ Տարածաշրջանում ամենահզոր, ամենաարդի և ամենախորը հորատանցքեր փորող սարքավորումներն ունենք ներկայում։

Ովքե՞ր են Ձեր գործընկերները, ի՞նչ կազմակերպությունների հետ եք աշխատում։

-Հիմնականում ներգրավված ենք հանքարդյունաբերության մեջ։ Գործակցել ենք միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ՝ Լիդիանի։

Հանքերից բացի, աշխատում ենք շինարարական կազմակերպությունների հետ։ Ընդ որում, ոչ միայն բնակարանային կառուցապատումներում է գործածվում մեր տեխնիկան, այլև ջրամբարների, բարդ ստրուկտուրայով արտադրական կառույցների, թունելների շինարարությունում։ Մի խոսքով՝ անում ենք այն ամենն, ինչը կապ ունի երկրաբանության, ընդերքի հետ։

Ի՞նչ չափանիշներ են ներդրված ընկերության գործունեության հիմքում, ինչպիսի՞ ստանդարտներ եք կիրառում։

-Աշխատում ենք միջազգային չափանիշներով։ Ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրում են համաշխարհային նորամուծությունները, ներդնում դրանք մեր գործընթացներում։

Օրինակ՝ յուրաքանչյուր պայթեցմանը, որը համակցված աշխատանք է, պարտադիր ներկա են մեր անվտանգության ինժեներները։ Հատուկ մասնագետները պլանավորում են, հաշվարկում հեռավորությունը բնակելի, այլ հատվածներից։

Մասնագետների որակավորման հարցն ինչպե՞ս եք լուծում։

-Բազմաթիվ թրեյնինգներ ենք անցկացնում անձնակազմի հետ․ դա մեր կազմակերպության առանձնահատկություններից է։ Շարունակ վերապատրաստում ենք մասնագետներին, բացատրում ենք նոր տեխնիկայով աշխատելու նրբությունները, իրականացնում ենք ուսումնական ծրագրեր։

Օրինակ՝ հորատումներ սկսելու ժամանակ Հայաստան հրավիրեցինք աշխարհահռչակ ընկերության, որի փորձառու մասնագետները վերապատրատեցին մերոնց, օգնեցին հմտանալ հորատման և պայթեցման աշխատանքներում։

Կադրեր ընտրելիս աշխատո՞ւմ եք տեղի ուսումնական կենտրոնների հետ, հաջողվո՞ւմ է համապատասխան մասնագետներ գտնել։

-Այո, աշխատում ենք ուսումնական հաստատաությունների հետ։ Մեր կազմակերպություն շատ պրակտիկանտներ են գալիս, հիմնականում Պոլիտեխնիկից և Ճարտարապետականից։ Լավագույններին ընդունում ենք աշխատանքի։

Վերջին մի քանի տարվա ընթացքում ինչպիսի՞ն են եղել զարգացումները կազմակերպությունում։

-Վերջին տարիներին շուկան որոշակի փոխվել է։ Հիմա ավելի շատ շինարարական ծրագրեր ենք իրականացնում, քան հանքարդյունաբերական, որովհետև քովիդի, 44-օրյա պատերազմիհետևանքով՝ որոշ բարդություններ եղան հանքարդյունաբերության ոլորտում․ մեր հանքերի գերակշիռ մասը դարձան սահմանամերձ է։ Մեր գործունեությունն էլ ակամա սկսեց տեղափոխվել շինարարության ոլորտ։ Դա է եղել հիմնական մեծ փոփոխությունը։

Այդ նպատակով հիմնեցինք ևս մեկ ընկերություն՝ «Ազուրիտը», որը զբաղվում է շինարարությամբ։ Հողային աշխատանքներ ենք կատարում՝ հիմքեր փորել, ջրատարներ քաշել, բետոնային աշխատանք, շենք կառուցել, ներքին հարդարում։  Զբաղվում ենք նաև ջրամբարաշինությամբ, որոշակի աշխատանքներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Պարբերաբար առնչվելով ընդերքի հետ՝ ի՞նչ կասեք մեր երկրի հնարավորությունների մասին՝ հանքերի, հորատումների առումով։

-Մեր երկրի մասշտաբների համեմատ հնարավորությունները շատ մեծ են։ Հայաստանը, չնայած փոքր տարածությանը, ի զորու է իրականացնել հզոր նախագծեր՝ ելնելով թե՛ աշխարհագրական դիրքից, թե՛ ընդերքի ընձեռած հնարավորություներից։

Բնապահպանական խնդիրներն ինչպե՞ս եք լուծում։

-Բնապահպանության առումներով մաքսիմալ գործածում ենք միջազգային ստանդարտներ՝ ներգրավելով որակյալ մասնագետների։

Շինարարության ոլորտում կա նոր բրենդային ձև, որը կոչվում է «Լիդ քոնսթրաքշն»։ Այն սերտիֆիկացնում է շինարարությունը՝ համապատասխանեցնելով բնապահպանական բարձր կարգի։ Մենք աշխատում ենք նման նախագծերում։ Կատարելագործում ենք իմացածը, ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և կիրառում։

Ունենք այդպիսի փորձ, օրինակ, «Դալան փրոջեքթում»․ ախատում ենք «Լիդ» ստանդարտներով։

Ի՞նչ է անհրաժեշտ գործունեության զարգացման համար։

-Անհրաժեշտ է՝ երկրում տեսական տատանումներ շատ չլինեն։ Պատերազմը, ֆինանսական վայրիվերումներն ազդում են շինարարության և այլ ոլորտների վրա։ Կարևորում ենք երկրի կայուն վիճակը, որպեսզի վստահություն լինի ապագայի հանդեպ, երկարաժամկետ ներդրումներ լինեն, մենք էլ ներգրավվենք աշխատանքներում։

ajax-loader