Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները կոչ են անում բանտարկյալին հանձնվել իշխանություններին այն բանից հետո, երբ տեխնիկական սխալի պատճառով նա սխալմամբ ազատ է արձակվել նույն բանտից, որտեղից այս տարվա սկզբին փախել էր 10 մարդ, հայտնում է NBC News-ը։
Շերիֆի գրասենյակը սխալմամբ ազատ է արձակել Խալիլ Բրայանին Օռլեանի արդարադատության կենտրոնից, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն խնդրելով հայտարարել է Նոր Օռլեանի ոստիկանության պետ Էնն Քըրքպատրիկը։
Ուրբաթ օրվա մամուլի ասուլիսին Օռլեանի շրջանի շերիֆ Սյուզան Հաթսոնն «անկեղծ ներողություն է խնդրել Նոր Օռլեանի բնակիչներից» և «ամբողջական պատասխանատվություն» ստանձնել Բրայանի սխալմամբ ազատ արձակման համար։
Ըստ Հաթսոնի, Բրայանն ազատ է արձակվել տեխնիկական սխալի պատճառով. պաշտոնյաները նրան շփոթել են նմանատիպ ազգանունով մեկ այլ բանտարկյալի հետ։
«Թեև մեր համակարգերը նախատեսված են նման անհամապատասխանությունները հայտնաբերելու համար, մարդկային սխալը հանգեցրել է ստուգման գործընթացի խափանման»,- ասել է Հաթսոնը։ Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել և ակտիվորեն փնտրում են Բրայանին։ Հաթսոնն ասել է, որ նրանք, ովքեր հերթապահել են Բրայանի ազատ արձակման ժամանակ, հարցաքննության կկանչվեն, քանի որ դա մարդկային սխալ է եղել։
Բրայանը պատիժ է կրում մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ գողոնի պահման, թմրանյութերի և ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, ասել է Քըրքպատրիկը՝ ներկայացնելով «բանտարկյալի հանցավոր անցյալը»։
Ավելի ուշ Հաթսոնը հավելել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել տուն ներխուժելու, ծանրացնող հանգամանքներում հարձակման և ընտանեկան բռնության համար։