NASA-ի աստղաֆիզիկոսները գտել են ռենտգենյան դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում առ այսօր հայտնաբերված Երկրից ամենահեռու գտնվող սև խոռոչը: Օբյեկտը հայտնաբերվել է Chandra ռենտգենյան աստղադիտարանի և James Webb ինֆրակարմիր աստղադիտակի դիտարկումների շնորհիվ։ Աստղագետները հույս ունեն, որ դա կօգնի բացատրել, թե ինչպես են առաջացել տիեզերքի առաջին գերզանգվածային սև խոռոչները:
Ինչպես պարզել է Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի գիտնականների թիմը՝ Ակոս Բոգդանի գլխավորությամբ, գերզանգվածային մեծացող սև խոռոչը գտնվում է UHZ1 կոչվող գալակտիկայում: Առաջին դիտարկումները ցույց են տվել, որ գալակտիկան գտնվում է Աբել 2744 կլաստերում՝ Երկրից 3,5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գալակտիկան շատ ավելի հեռու է եղել՝ Երկրից 13,2 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։
Սև խոռոչը և դրա մայր գալակտիկան մոտ 470 միլիոն տարեկան են: Աստղաֆիզիկոսների խումբը նաև ապացույցներ է գտել, որ UHZ1-ի սև խոռոչը հսկայական զանգված է ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ այն դեռ նոր է ի հայտ է եկել: Դրա զանգվածն այժմ տատանվում է 10-ից 100 միլիոն Արեգակի միջև, ինչը մոտավորապես նույնն է, ինչ դրա գալակտիկայի բոլոր աստղերի զանգվածը միասին: Հենց իր այս չափերով էլ այն շատ է տարբերվում մյուս սև խոռոչներից, որոնց զանգվածը սովորաբար չի գերազանցում մայր գալակտիկայի մեկ տասներորդը:
«Կան ֆիզիկական սահմանափակումներ, թե որքան արագ սև խոռոչները կարող են աճել ձևավորվելուց հետո: Այնուամենայնիվ, սև խոռոչները, որոնք ծնվում են ավելի մեծ զանգվածով, առավելություն ունեն։ Դա նման է փոքր սերմի փոխարեն ծառի տնկի տնկելուն»,- ասել է հետազոտության համահեղինակ Էնդի Գոլդինգը Փրինսթոնի համալսարանից:
Chandra աստղադիտարանի միջոցով այս գալակտիկայի երկու շաբաթ տևած դիտարկումները ցույց են տվել, որ այնտեղ գերտաքացած գազ կա, որն ինտենսիվորեն ռենտգենյան ճառագայթներ է արձակում: Ինչպես նշել են NASA-ից, սա տարբերակիչ նշան է, որ սև խոռոչն ակտիվորեն աճում է։
Աստղաֆիզիկոսների դիտարկումները համահունչ են 2017-ին Յելի համալսարանի ֆիզիկոս Պրիյամվադա Նատարաջանի տեսական կանխատեսումներին, որ գերզանգվածային սև խոռոչները ձևավորվում են հսկայական գազային ամպի փլուզումից:
«Մենք կարծում ենք, որ սա մինչ օրս ստացված լավագույն ապացույցն է, որ որոշ սև խոռոչներ գոյանում են գազային զանգվածային ամպերից,- ասել է Նաթարաջանը,- Սա առաջին անգամն է, որ նկատում ենք գերզանգվածային սև խոռոչ իր զարգացման այսքան վաղ փուլում, որի քաշը մոտավորապես նույնն է, ինչ իր գալակտիկայի աստղերի քաշը»:
Աստղաֆիզիկոսները հուսով են, որ սև խոռոչը կօգնի հստակեցնել, թե ինչպես են գերզանգվածային սև խոռոչները ձևավորվելուց ընդամենը մի քանի հարյուր միլիոն տարի անց կարողանում հասնել այդպիսի զանգվածների։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ