Մարտահրավերներ, ոլորտային ծրագրեր․ կայացավ «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովը

Սեպտեմբերի 27-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի հանքարդյունաբերության երկօրյա ֆորումը (Mining Armenia Forum): Այն Հայաստանի հանքագործների և մետալուրգների կողմից կազմակերպված առաջին միջազգային ֆորումներ էր։ Ներկա էին կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ոլորտի մասնագետներ, գիտության և ՀԿ ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Կարևորելով այս հանդիպումը՝ վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։

Անդրադառնալով ֆորումի կարևորությանը, ՀՀՄՄ-ի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշեց, որ ֆորումի գլխավոր նպատակը ոլորտի զարգացումն է, նոր ռազմավարությունների մշակումը և ոլորտի գիտակների առաջարկներն ու պահանջները լսելը:

«Մենք կարծում ենք, որ ոլորտի զարգացման երեք տարբերակ կա: Առաջինը չգործող հանքերի շահագործումն է, երկրորդը այժմ գործող հանքերի պահպանումն ու զարգացումը, որոնք, ցավոք, այսօր քիչ են, մյուսը` նոր հանքերի ստեղծումը, ինչը ավելի շատ ժամանակ է պահանջում իրենից»,- ասաց ԶՊՄԿ նախագահ Վարդան Ջհանյանը իր ելույթում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնպես ողջունելով ներկաներին ընդգծեց, թե որքան կարևոր է մեր երկրի տնտեսության համար հանքարդյունաբերական ոլորտը։ Խոսելով ոլորտի զարգացմանը ուղղված պետական ծրագրերի մասին նախարարը կարևորեց վերջերս կառավարության կողմից մշակված ՀՀ հանքարդյունաբերության ռազմավարությունը։

«Իհարկե որևէ փաստաթուղթ իդելական չէ, մեր ռազմավարությունն էլ միգուցե ունենա շտկումների կարիք, բայց այնուամենայնիվ, մենք առաջին անգամ ոլորտի ռազմավարություն և որոշակի տեսլականներ ու պատկերացումներ ունենք, թե առաջիկա տասնամյակներում ինչպես առաջ գնանք։ Ես կխնդրեմ, որ մեր այսպիսի քննարկումները նաև առիթ լինեն տեսնելու, թե մեր ռազմավարությունն ինչպիսին է, ինչ գործողությունների պլան ունենք, արդյոք ճիշտ ուղղությամբ ենք գնում և ինչ կարևոր նոր ստանդարտներ կան, որ ոլորտը պետք է ներգրավի և դրանցով առաջ գնա»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ելույթով ներկայացրեց իր ղեկավարած ընկերության ձեռքբերումները, տեխնոլոգիական նորամուծությունները և ապագայի ծրագրերը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Սյունքի մարզի Քաջարան քաղաքում և հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը (շուրջ 5-11%): Բացի դա կոմբինատը հանդիսանում է մարզի բազմաթիվ ծրագրերի հովանավոր և ապահովում է շուրջ 11.000 աշխատատեղ:

Ֆորումի ընթացքում ստորագրվեց շատ կարևոր մի փաստաթուղթ՝ եռակողմ հուշագիր ԵՊՀ-ի, ՀՀ ՏԿԵՆ-ի և ԶՊՄԿ-ի միջև` ամրագրելով կրթության, գիտության և հանքարդյունաբերության ոլորտի համագործակցության անհրաժեշտությ

Հաջորդիվ հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների առաջարկներն ու վերլուծություններն էին, որոնք բազմաթիվ էին ու արծարծում էին ոլորտային խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և ապագայ տեսլակաները։ Նրանց խոսքում այն համոզմունքն էր, որ հանքարդյունաբերության զարգացման արդյունքում զուգահեռաբար կզարգանա ինչպես տնտեսությունը, այնպես էլ հարակից մի շարք ոլորտները:

ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր ելույթում նույնպես կարևորեց ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծեց, որ կառավարությունը հետևողական է, և հանքարդյունաբերության ռազմավարության ծրագրի անշեղորեն իրագործումը կառավարության առաջնահերթություններից է։

Ֆորումի առաջին հատվածը ամփոփվեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերների, զարգացման հեռանկարների և հնարավորությունների մասին պանելային քննարկմամբ: Քննարկման մոդերատորն էր Վ․ Ջհանյանը, խոսնակները` հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ղեկավար Մասումա Ֆարուկին (Մեծ Բրիտանիա), ԲիԴիՕ Հայաստան ընկերության գործընկեր, հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, ICMA համահիմնադիր և գործադիր նախագահ Արտյոմ Գեղամյանը և ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

Ֆորումի երկրորդ հատվածում Հայաստանի երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանում գոյություն ունեցող և ֆոնդում գրանցված հանքային բազաները, ինչպես նաև ներդրումային հնարավորությունները: Մովսիսյանը նշեց, որ դեռևս հատուկ քայլեր են ձեռնարկվում ֆոնդային տվյալները թվայանցնելու ուղղությամբ։

Ֆորումի ընթացքում կայացան ևս երկու պանելային քննարկումներ` ներդրումներ հանքարդյունաբերության և երկրաբանության մեջ, հանքերի պահանջարկ և համաշխարհային մրցակցություն թեմաներով, ապա բնապահպանություն, տեղական մարտահրավերները գլոբալ համատեքսում: Քննարկման մոդերատորներն էին Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և ԲիԴիՕ Հայաստան ընկերության գործընկեր, խորհրդատվական ծառայոությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

Այս ֆորումում բուռն էին քննարկումները հատկապես կրթության և արդյունաբերության կապի շուրջ: Ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության ֆակուլտետների դիմորդների թիվը մի քանի անգամ զիջում է մնացած ֆակուլտետներին, ինչը գնալով առաջացնում է ոլորտի մասնագետների դիֆիցիտ:

Ֆորումի առաջին օրը բովանդակային քննարկումների առումով շատ հագեցած էր և արդյունավետ։

Սվետլանա Մարտիրոսյան

ajax-loader