Իսպանիայում գործող իսպանական մեդիա ընկերությունները հաղթանակ են տարել սոցիալական ցանցերի հսկա Meta-ի դեմ, երբ Մադրիդի դատարանը հինգշաբթի ամերիկյան ընկերությանը պարտավորեցրել է իբրև վնասի փոխհատուցում լրատվամիջոցներին գրեթե կես միլիարդ եվրո վճարել, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ դատական հայտարարության՝ Մադրիդի թիվ 15 առևտրային դատարանը որոշել է, որ տեխնոլոգիական հսկան օգտվել է անարդար շուկայական առավելությունից՝ խախտելով համացանցի օգտատերերի անձնական տվյալները և դրանք օգտագործելով ավելի արդյունավետ գովազդ ստեղծելու համար։
Instagram-ի և Facebook-ի մայր ընկերությանը պարտավորեցվելու են 481 միլիոն եվրո (554 միլիոն ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել դատական հայց ներկայացրած 81 իսպանական լրատվամիջոցներին։
«Այս հսկայական քանակությամբ անձնական տվյալների անօրինական մշակումը նշանակում է, որ Meta-ն առավելություն է ստացել, որին իսպանական առցանց լրատվամիջոցները չէին կարող համեմատվել»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։ «Meta-ի գործողությունները վնաս են հասսցրել իսպանական թվային լրատվամիջոցների առցանց գովազդի եկամուտներին»։
Դատարանը համաձայնել է իսպանական լրատվամիջոցների հետ, որ Meta-ն հինգ տարի խախտել է եվրոպական կանոնակարգերը, նախքան ամերիկյան ընկերությունը 2023 թվականին թարմացրել է անձնական տվյալների հավաքագրման համաձայնության շրջանակը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական օրենսդրությանը: 2018 թվականի ԵՄ կանոնակարգերը, որոնք հայտնի են որպես «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ», պահանջում են, որ օգտատերերի անձնական տվյալները հավաքող ընկերությունները համապատասխանեն օգտատերերի գաղտնիության պաշտպանությանն ուղղված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներին:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ