Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ անսարք MAN-երի մկասին

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունը հայտնեց  MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով և նշեց, որ այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով կամ 8,6 տոկոսով պակաս:

Նա սպասարկման ենթակա ավտոբուսների վերաբերյալ թվային տվյալներ ներկայացրեց: «Ընդհանուր թվով անսարք՝ 42 միավոր, վթարված՝ 32 միավոր, որից MAN մակնիշի 87 միավորից 7 միավոր՝ անսարք, 5 միավոր՝ վթարված, Zhongtong մակնիշի 391 միավորից 13 միավոր՝ անսարք, 21 միավոր՝ վթարված, Higer մակնիշի 141 միավորից 4 միավոր՝ անսարք, 4 միավոր՝ վթարված: Փոքր դասի միկրոավտոբուս՝ 100 միավորից 18 միավոր անսարք, 2 միավոր վթարված»,-ներկայացրեց Բեգլար Կիրակոսյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրվում MAN մակնիշի անսարք ավտոբուսների բարձր հարաբերակցությունը: Կիրակոսյանը պատասխանեց, որ պատճառը պահեստամասերի բացակայությունն է:

«Ես կարծում եմ, որ պետք է խոսել սպասարկող ընկերության հետ և վերջնական հասկանալ: 1,2, 3 անգամ նման խոսակցություններ եղել են, բայց մինչև վերջ խնդիրը չի լուծվել: Եթե սպասարկման որակը սա է լինելու, հասկանանք և սպասարկող այլ կազմակերպություն կընտրենք»,-ասաց քաղաքապետը:

ajax-loader