Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի՝ Սերբիայում գտնվող «Մեչավնիկ» էթնո-գյուղում սեպտեմբերի 4-ից 6-ը տեղի կունենա միջազգային դասական երաժշտության փառատոնի՝ Kustendorf Classic-ի հերթական թողարկումը, որն ամեն տարի միավորում է երիտասարդ երաժիշտների և արդեն ճանաչված վարպետների ամբողջ աշխարհից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Էմիր Կուստուրիցայի վաղեմի բարեկամի ու գործընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր, Almazian Productions-ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանի առաջարկությամբ և աջակցությամբ փառատոնի ընթացքում հանդես կգան նրա կողմից հրավիրված և Հայաստանը ներկայացնող արվեստագետներ։

Փառատոնի հատուկ հյուրը կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կանցկացնի բաց դասախոսություն փառատոնի մասնակիցների համար։
«Մեչավնիկ»-ի բեմում կներկայանա նաև Եվա Գևորգյանը՝ երիտասարդ, բայց հայտնի դաշնակահարուհի, որը կներկայացնի Պյոտր Չայկովսկու Թիվ մեկ դաշնամուրային կոնցերտը։

Էմիր Կուստուրիցայի փառատոները հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և համաշխարհային մասշտաբի անուններ միավորելու ունակությամբ։ Տարբեր տարիներին փառատոնի հյուրերը եղել են Մոնիկա Բելուչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։
Այս տարվա սպասվող հյուրերի թվում է մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան, ով համարվում է ժամանակակից օպերային բեմի ամենափայլուն աստղերից մեկը։