Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները

 Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտնշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն: Այդ մասին ասուլիսում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում:

«Այս տարվա ցուցանիշները համադրելի են նախորդ տարիներին: Այսինքն՝ մենք տվյալ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում»,-ասաց նախարարը:

Դպրոցները տոնական օրերից հետո վերաբացվել են անցյալ շաբաթ, նախարարությունը հսկում է բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Ավանեսյանը վստահեցնում է՝ ունեն գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսն աճի միտում գրանցի:

«Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվի ֆիլտրման միջոցառումը: Առավոտյան բուժքույրերը պետք է առաջնակի զննություն անեն, և, եթե գրանցեն որոշակի ախտանշաններ, ապա երեխային կուղարկեն տուն: Անհրաժեշտության պարագայում պետք է նաև դիմել բժշկի»,-ասաց նախարարը:

Բացի այդ՝ պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի: Հիվանդանոցներում թե՛ ռեանիմացիոն, թե՛ մահճակալային ֆոնդը նախարարության խիստ հսկողության տակ է:

Սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը նախարարը համարեց պատվաստումը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերից: Պատվաստանյութը մշակվում է ամեն տարի տվյալ տարի շրջանառվող շտամների դեմ: Ավանեսյանի խոսքով՝ դրանք հենց այսօր շրջանառվող երկու հիմնական շտամների՝ H1N1 և H3N2-ի դեմ են:

Նախարարը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել:

ajax-loader