Google-ը բժշկական արհեստական բանականության նոր՝ Articulate Medical Intelligence Explorer (AMIE) համակարգ է ներկայացրել, որը պատկերի վրա հիմնված ախտորոշման ճշգրտությամբ կարող է գերազանցել փորձառու բժիշկներին։
Ինչպես հաղորդում է Nature հանդեսը, մշակումը հիմնված է Gemini 2.0 Flash առաջադեմ լեզվական մոդելի վրա, որը կարող է արդյունավետորեն մշակել ինչպես տեքստային, այնպես էլ տեսողական տեղեկությունները։ Այդ համապարփակությունը արհեստական բանականությանը հնարավորություն է տալիս վերլուծել բժշկական տվյալների լայն շրջանակ, ներառյալ սովորական լուսանկարներ, փաստաթղթերի սկանավորումներ (օրինակ՝ PDF ֆայլեր) և լաբորատոր հետազոտությունների արդյունքներ։ Համակարգը ծրագրվել է մաշկային հիվանդությունները հայտնաբերելու, էլեկտրասրտագրությունները (ԷՍԳ) մեկնաբանելու և լաբորատոր հետազոտությունների արդյուքնները վերլուծելու համար։
AMIE-ի աշխատանքը գնահատելու համար Google-ի հետազոտողները մի շարք սիմուլյացիոն բժշկական խորհրդատվություններ են անցկացրել։ Ստեղծվել է ընդհանուր առմամբ 105 սցենար, որոնցում ներգրավված է եղել տարբեր ախտանիշներով հիվանդներ ձևացող 25 դերասան։ Այդ թեստերի ընթացքում և՛ AMIE համակարգը, և՛ որակավորված թերապևտների խումբը ախտորոշումներ են կատարել տրամադրված տեսողական և տեքստային տվյալների հիման վրա։
Այնուհետև անկախ փորձագետների խումբը գնահատել է երկու կողմերի կատարած ախտորոշումների ճշգրտությունը։ Գնահատման արդյունքների հիման վրա՝ արհեստական բանականությունը բժիշկների համեմատ միջինում ավելի բարձր ճշգրտություն է ցուցաբերել՝ բարդ կամ ոչ ակնհայտ պատկերների հետ աշխատելիս հատկապես ուժեղ արդյունքներ ցույց տալով։
Սակայն Google-ի մշակողներն ընդգծում են, որ այս տեսակի սիմուլյացիոն թեստավորումը իրական կլինիկական պրակտիկային լիովին չի կարող փոխարինել։ Նրանք նշել են հետագա, ավելի լայնածավալ, ավելի իրատեսական հետազոտությունների անհրաժեշտությունը, նախքան AMIE համակարգը լայնորեն կիրառվի բժշկության մեջ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ