Ամերիկայի ծոցը սկսել է պաշտոնապես հայտնվել Google քարտեզներում

Google ընկերությունը տեղեկացրել է, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։

«ԱՄՆ-ում աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգը (GNIS) պաշտոնապես թարմացրել է «Մեքսիկական ծոցը»՝ այն վերանվանելով «Ամերիկայի ծոց»: Ինչպես հայտնել ենք երկու շաբաթ առաջ եւ համաձայն մեր երկարամյա պրակտիկայի՝ մենք սկսում ենք փոփոխություններ իրականացնել այս թարմացումն արտացոլելու համար»,- նշվել է ընկերության բլոգում:

Գրառման մեջ նշվել է, որ նրանք, ովքեր օգտագործում են Google Maps-ը ԱՄՆ-ում, կտեսնեն Ամերիկայի ծոցը, Մեքսիկայում գտնվողները՝ Մեքսիկական ծոցը, իսկ մնացած բոլորը կտեսնեն երկու անունները՝ մեկը փակագծերում:

Google-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկայի ծոց» անվանումը կհայտնվի ԱՄՆ Google Maps քարտեզագրման ծառայությունում, երբ համապատասխան թարմացումները հասանելի լինեն երկրի աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգում (GNIS): Ծառայության օգտատերերը ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում տեսնում են իրենց պաշտոնական տեղական անվանումը, մինչդեռ մնացյալ աշխարհի օգտատերերը տեսնում են երկու անուններն էլ, նշել են ընկերությունում:

ajax-loader