Google ընկերությունը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։ Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։
Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև աջակցել ընկերության այլ ծառայություններին, այդ թվում՝ քարտեզներին, Google Search-ին և Workspace-ին։
Google-ը նաև խոստացել է ֆինանսավորել Բելգիայում վերականգնվող էներգիայի նախագծերը՝ 365 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ակտիվորեն ավելացնում են իրենց ներդրումները Եվրոպայի տվյալների մշակման կենտրոններում։ Google-ը նախկինում հայտարարել էր Մեծ Բրիտանիայում երկու տարվա ընթացքում 5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6.68 միլիարդ դոլար) ներդրման մասին։ Ակնկալվում է, որ այս ներդրումը կստեղծի ավելի քան 8000 աշխատատեղ։