Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ Global Icon Awards-ի մրցանակակիր

Հնագույն երաժշտության «#Տաղարան» համույթի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն Աթենքում անցկացվող «Global Icon Awards» հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Համաշխարհային խորհրդանիշ 2025» պատվավոր մրցանակի՝ երաժշտության ոլորտում:

«Global Icon Award – 2025»-ը կայացել է հուլիսի 1-3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ համախմբելով մշակույթի, արվեստի, բժշկության, ձեռնարկատիրության և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։

Մրցանակաբաշխության հիմքում երկու կարևոր սկզբունք է՝ մասնագիտական նվաճումներն ու ակտիվ գործունեությունը, ինչպես նաև մարդասիրական արժեքների կարևորումը՝ մասնագետի բարի կամքի դրսևորումը ստեղծագործական աշխատանքի ընթացքում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի կողմից։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ողջ անձնակազմը սիրով ու հպարտությամբ շնորհավորում է սիրելի քանոնահարուհուն և մաղթում նորանոր հաջողություններ։

ajax-loader