Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»:
Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը:
Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել:
Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում:
«Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», – նշում է հոդվածի հեղինակը:
Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի: