Flyone Armenia-ն ձեռք է բերել Gulfstream G450 բիզնես դասի օդանավ

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն ներդնում է բիզնես ավիացիայի առաջին օդանավը Հայաստանում․ սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Gulfstream G450-ը՝ ընկերության նավատորմի մանրակրկիտ ընտրված նորեկը, բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Շատ փորձագետների կարծիքով, Gulfstream G450 օդաչուների խցիկը լավագույններից մեկն է օդաչուների հարմարավետության և թռիչքային անվտանգության առումով: Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը հասնում է ավելի քան 8000 կիլոմետրի․ Gulfstream G450-ի սրահի ոճային ինտերիերը բարձրաճաշակի և գերհարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։

 «Հայաստանի ավիացիոն պատմության մեջ առաջին անգամ մենք ձեռք ենք բերում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան բիզնես դասի Gulfstream G450 օդանավ։ Այս քայլով մենք ավիացիոն ոլորտում նոր ու հավակնոտ հայտ ենք ներկայացնում, փորձում ենք գերազանցել մեր բիզնես ու կորպորատիվ ուղևորների սպասելիքները՝ առաջարկելով բարձրակարգ ճամփորդական հնարավորություններ»,- նշել է SIL CAPITAL ընկերության նախագահ, FLYONE ARMENIA-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը:

G450-ի սրահը բաժանված է գոտիների․ թռիչքային անձնակազմն այլ զոնայում է և ուղևորները մասնավոր առանձին տարածքում գտնվելու հնարավորություն ունեն։ Բարձր առաստաղը և նստատեղերի միջև մեծ հեռավորությունը թույլ են տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում անկաշկանդ տեղաշարժվել և ազատ զգալ: Գերժամանակակից այս բիզնես-ջեթը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար՝ անհատական էլեկտրական կառավարմամբ նստատեղերով։ Ներքին Wi-Fi ցանցի ընդգրկմամբ՝ FLYONE ARMENIA-ն գործարար ճանապարհորդներին ապահովում է անխափան կապով թռիչքի ողջ ընթացքում: Այս գերհարմարավետ բիզնես ինքնաթիռը նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար․ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ անդրատլանտյան ուղղություններ։

FLYONE ARMENIA-ի Gulfstream G450-ն իր ուղևորների համար ապահովում է անվտանգ և արդյունավետ ճանապարհորդություն: Այս ձեռքբերումը հավաստում է մշտապես նորարարություններ և ծառայությունների բազմազանություն բերելու՝ FLYONE ARMENIA-ի վճռականությունն ու հանձնառությունը:

FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (
www.flyone.am) հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

ajax-loader