Firebird-ն ԱՄՆ արտահանման լիցենզիա է ստացել և հայտարարել Dell Technologies-ի հետ գործընկերության մասին

Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այդ մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ։

Firebird-ի հաղորդագրության մեջ նշվում է.

«Նոյեմբերի 19, 2025 – Սան Ֆրանցիսկո, Երևան – Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։

Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։ Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։

Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։ «Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։

«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով»,– նշեց Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը՝ հավելելով․ «Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»։

Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հավելել է․ «Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»:

Համագործակցությունն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով քարտուղար Հովարդ Լատնիկի ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ։

ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Enterprise Armenia-ի համատեղ ջանքերն էլ ավելի են ամրապնդել այս համագործակցությունը։ Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։ Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունից տեղեկանում ենք.

«ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ գործակցությամբ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»։

ajax-loader