Ծաղկաձորում տեղի ունեցած հանքարդյունաբերական երկօրյա համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվել են «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն են Տնտեսական լրագրողների ակումբը և Հանքագործների և մետալուրգների միությունը։
Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկված շուրջ 50 նյութերից մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվել է 22-ը, որոնցից էլ 3-ն արժանացել են մրցանակների։
«Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանի «Կամ կենդանի դուրս կգանք, կամ՝ ոչ․ ինչո՞ւ են հանքափորները մահանում ոսկու հանքերում» փաստաքննությունը։
«Լավագույն հեռուստատեսանյութ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Առաջին ալիքի լրագրող Անի Օհանյանին, «Լավագույն հոդված» անվանակարգում՝ Iravaban.net-ի նախկին խմբագիր Ալիսա Չիլինգարյանին, ոլորտն ակտիվ լուսաբանելու համար հատուկ մրցանակի է արժանացել Hraparak.am-ի լրագրող Լիա Սարգսյանը։
Մրցույթ էր կազմակերպվել նաև սփյուռքի լրագրողների համար։ Մրցանակներ շնորհվեցին Տիգրան Գաբոյանին, Վիգեն Աբրահամյանին, Լորի Մանուկյանին և Սագօ Արեյանին։
Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մրցույթի նպատակը լրագրողներին խրախուսելն ու հանրությանը ոլորտի վերաբերյալ ավելի օպերատիվ ու օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ լրագրողական մրցույթը շարունակական կլինի։ «Մենք պլանավորում ենք իրազեկվածության ուղղությամբ մեծ աշխատանք տանել, և այդ հարցում լրագրողների ներդրումը շատ մեծ է։ Այս մրցույթը մեր ընդհանուր գործընթացի մի մասն է և շարունակական կլինի»։
Նյութի աղբյուրը՝ Factor.am https://factor.am/815354.html