Գիտնականները «Տիտանիկի» առաջին ամբողջական սկանավորումն են արել․BBC

Գիտնականներն իրականացրել են «Տիտանիկ» նավի առաջին լայնածավալ թվային սկանավորում՝ օգտագործելով խորը ծովային քարտեզագրում, հայտնում է BBC-ն։  Նավի մնացորդներն Ատլանտյան օվկիանոսի հատակին են՝ 3800 մետր խորությամբ։ Նշվում է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տվել ստանալ ամբողջ նավի եզակի եռաչափ պատկերը։ Հետազոտողները հույս ունեն, որ դրա շնորհիվ նոր մանրամասներ կբացահայտվեն 1912 թ-ին տեղի ունեցած նավաբեկությունից։

«Մենք դեռ հարցեր ունենք՝ պարզ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ է ստանալ», – BBC-ին ասել է մասնագետ Պարկս Սթիվենսոնը։ Նրա խոսքով՝ մոդելն այդ ուղղությամբ առաջին լուրջ քայլերից է։ Տիտանիկի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականին և դրանից հետո հետազոտողները տարբեր մեթոդներ են օգտագործել, բայց նավի չափերը և խորությունը մինչ այժմ հնարավորություն չէր տվել վերականգնել նավիրանի պատկերն ամբողջությամբ։  Սկանավորման գործողությունը 2022 թվականի ամռանն իրականացրել են քարտեզագրող Magellan Ltd ընկերությունը և Atlantic Productions-ը, որը վավերագրական ֆիլմ է նկարահանում նախագծի մասին։

Հեռակառավարվող սարքերը ավելի քան 200 ժամ են անցկացրել ջրի տակ՝ ուսումնասիրելով և լուսանկարելով մնացորդները: Ստացված 70,000 նկարներից գիտնականները ստեղծել են ճշգրիտ եռաչափ  պատկեր։

Բազմաթիվ իրեր են սփռված «Տիտանիկի» շուրջ՝ ուղևորների անձնական իրեր, կոշիկներ, արձաններ, անգամ՝ շամպայնի չբացված շշեր։  Հետազոտող Պարկս Սթիվենսոնն ասել է, որ ցնցվել է, երբ տեսել է առաջին լուսանկարները։ Ըստ նրա՝ ջուրն աստիճանաբար ոչնչացնում է նավը, մանրէները կոռոզիայի են ենթարկում նրա կմախքը, այն աստիճանաբար քանդվում է։  Հետազոտողները քաջ գիտակցում են, որ ծովային աղետի ամբողջական բացահայտման համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում։

ajax-loader