Հանքարդյունաբերության զարգացման մասին կառավարության ընդունած ռազմավարության կարևորագույն կետերից է ՀՀ օրենսդրությունը CRIRSCO-ի երկրաբանական ստանդարտներին համապատասխանեցնելը: CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների և ռեսուրսների վերաբերյալ հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական ստանդարտները։

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին»՝ CRIRSCO-ին, անդամակցության հարցի աշխատանքային քննարկման շրջանակներում տեղի ունեցավ քննարկում երկրաբանների, ոլորտի այլ առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Քննարկումը նախաձեռնել էր Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, որի նախագահ Վարդան Ջհանյանը, որը նաև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է, նշեց, որ համապատասխանեցումն ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները:

«Երբ մեր ոլորտն անցնի CRIRSCO-ի ստանդարտներին, աշխարհի հետ կխոսենք միևնույն լեզվով: Մեր երկրաբանները կստանան մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ Մինչդեռ այսօր Հայաստանում հիմնականում գործում են խորհրդային շրջանի կանոնները, որոնք, բնականաբար, ունեն արդիականացման կարիք։ Ներդրողը հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական հաշվետվության արդիական ստանդարտներ են գործում, կփոխի իր վերաբերմունքը ոլորտի նկատմամբ»,– ասաց նա։

Վարդան Ջհանյանի խոսքով՝ օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ դեռևս չեն տարվում. թեև CRIRSCO-ին անդամակցումը գլխավոր նպատակն է, և այժմ կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Այդ նպատակով ՏԿԵՆ-ում փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ գործում է աշխատանքային խումբ, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող հարցեր, այդ թվում՝ նաև CRIRSCO-ի ստանդարտներին անցնելը:
«Ուսումնասիրել ենք ղազախ գործընկերների փորձը․ Ղազախստանը հետխորհրդային միակ երկիրն է, որն անցել է այդ ճանապարհը: Մեզ համար դա լավ օրինակ է հասկանալու՝ արդյոք արդյունավե՞տ է այդ ուղին ՀՀ-ի համար»,– նշեց Ջհանյանը:

Քննարկման ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ։ Երկրաբան Գագիկ Գևորգյանի կարծիքով՝ ներկա պահին CRIRSCO-ն այնքան էլ անհրաժեշտ չէ Հայաստանին․ մեր երկրում բավարար քանակի հանքավայրեր չկան։

«Մեր պետության՝ CRIRSCO-ին միանալու իմաստ չեմ տեսնում։ Երբ Հայաստան մասնավոր ընկերություններ են գալիս ներդրումներ անելու ակնկալիքով, նրանց պատվիրակության խմբում լինում են միջազգային փորձագետներ, որոնց հետ էլ աշխատում են։ Մեր կողմին պատվեր չեն տա այդ գործն անելու»,- ասաց Գագիկ Գևորգյանը։
Երկրաբանը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր է արել․ միջազգային փորձագետը եկել է, ինքը տրամադրել անհրաժեշտ նյութերը, միասին ուսումնասիրել են։

Չափորոշիչների ընդունման հետ կապված մեկ այլ տարբերակ առաջարկեց «Լիճվազք» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Հարություն Թամազյանը։ Նա նախընտրում է, որ Հայաստանը կազմի սեփական ստանդարտները։

«Ինչո՞ւ չենք գնում մե՛ր եղանակով, ինչու ենք առաջնորդվում ղազախական կամ եվրոպական, ուրիշի փորձով։ Բազմաթիվ միջազգային չափորոշիչներ տարբեր ոլորտներում համակցված են հայկականի հետ, օրինակ, ISO-ն, բնապահպանական, սոցիալական, աշխատանքի անվտանգության և այլն, որոնք հաշվի են առնում հայկական որոշակի ստանդարտները»,- ասաց Հարություն Թամազյանը։

Վերջնական որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, որպես ոլորտի հիմնական ներկայացուցիչներին միավորող կառույց, նպատակ ունի աջակցություն ցուցաբերել գործադիրին։ Ընդհանուր առմամբ՝ CRIRSCO-ին անդամակցության նպատակները բազմաթիվ են, որոնց շարքում է ամբողջական հաշվետվողականության որակի բարձրացումը:

Վարդան Ջհանյանը նշեց, որ հանքարդյունաբերության զարգացման առաջին կարևոր քայլերից մեկը հենց այդ փոփոխությունն է, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է: Ուստի, եթե պաշարների գնահատման և հաշվետվությունների ստանդարտները համահունչ լինեն համաշխարհայինին, պետությունն էլ կհասկանա՝ ինչքան պաշար ունի և ինչպես կարող է զարգացնել ոլորտն ու ընդհանրապես՝ տնտեսությունը:

CRIRSCO-ին անդամակցության առնչությամբ քննարկումները կշարունակվեն՝ ներառելով հանքարդյունաբերական ոլորտի բոլոր մասնագետներին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ