Nvidia-ի եկամուտն աճել է 1.6 անգամ՝ սահմանելով նոր ռեկորդ

Ամերիկյան գրաֆիկական պրոցեսորների արտադրող Nvidia Corp.-ը ֆինանսական երրորդ եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է 1.7 անգամ, իսկ եկամուտը՝ 1.6 անգամ, ընդ որում՝ վերջինիս մասով կրկին սահմանել է ռեկորդ։

Եռամսյակում, որն ավարտվել է հոկտեմբերի 26-ին, Nvidia-ի մաքուր շահույթը կազմել է 31.91 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 19.31 մլրդ դոլարի փոխարեն։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը բարձրացել է մինչև 1.3 դոլար՝ 0.78 դոլարից։ Խմբագրված շահույթը նույնպես կազմել է 1.3 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով:

Ընկերության եռամսյակային եկամուտն աճել է մինչև 57.01 մլրդ դոլար՝ 35,08 մլրդ դոլարից, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին 54.92 մլրդ դոլար։

Տվյալների կենտրոնների սեգմենտի եկամուտն աճել է 66%-ով՝ հասնելով ռեկորդային 51.2 մլրդ դոլարի, ինչը գերազանցել է շուկայի սպասելիքը (49.09 մլրդ)։ Խաղային բիզնեսի եկամուտն աճել է 30%-ով՝ հասնելով 4.3 մլրդ դոլարի։

Nvidia-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ ֆինանսական եռամսյակում եկամուտը կկազմի 65 մլրդ դոլար ±2%:

Ֆինանսական տարվա առաջին ինը ամիսներին Nvidia-ն վերադարձրել է իր բաժնետերերին 37 մլրդ դոլար՝ buyback-ի և դիվիդենդների տեսքով։ Երրորդ ֆինանսական եռամսյակի ավարտին ընկերությունն ուներ 62.2 մլրդ դոլար, որոնք նախատեսված են գործող ծրագրի շրջանակում բաժնետոմսերի հետգնման համար։

Ընկերությունը դեկտեմբերի 26-ին կվճարի եռամսյակային դիվիդենդ՝ մեկ բաժնետոմսի դիմաց 1 ցենտ, բաժնետոմսերի ռեեստրի փակման օրը դեկտեմբերի 4-ն է։

ajax-loader