Էներգետիկ անկախության ազդեցությունը հանքարդյունաբերության վրա․ Robust Armenia 2025

Էներգետիկան այսօր Հայաստանի տնտեսական անվտանգության և կայուն զարգացման առանցքային ոլորտներից է։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում էներգետիկ անկախությունն ու էներգաարդյունավետությունը դառնում են գերակա ուղղություններ, իսկ դրանց զարգացումը անմիջական ազդեցություն ունի հատկապես էներգատար ոլորտների՝ այդ թվում հանքարդյունաբերության վրա։

Հենց այս թեմաների քննարկմանն էր նվիրված Robust Armenia 2025 կոնֆերանսը, որը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է Mediamax.am-ը։

Կոնֆերանսի պանելային քննարկմանը մասնակցեց նաև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նա ընդգծեց, որ Լիդիանում էներգաարդյունավետությունը եղել է առաջնահերթություն դեռևս տարիներ առաջ․ օրինակ՝ Ամուլսարի ծրագրի փոխակրիչը նախագծվել է այնպես, որ գեներացվող էներգիան օգտագործվի ծրագրի շրջանակներում՝ նվազեցնելով ընդհանուր էներգասպառումը։

Հայկ Ալոյանը կարևորեց նաև հանքարդյունաբերության ոլորտում սարքավորումների արդիականացման անհրաժեշտությունը․ ի տարբերություն հին սարքավորումների, նոր սերնդի լուծումները նախագծված են հենց էներգաարդյունավետության սկզբունքով, ինչը թույլ է տալիս էականորեն նվազեցնել էներգիայի սպառումը։ Ամուլսարի հանքում կիրառվող նոր սերնդի լուծումները հենց այս մոտեցման լավագույն օրինակներից են։

ajax-loader