ԱՄՆ-ն կավելացնի անտիմոնիտի արտադրությունը

ԱՄՆ-ի հանքարդյունաբերական ընկերությունները կավելացնեն պաշտպանական ձեռնարկությունների կողմից օգտագործվող անտիմոնիտի արդյունահանումը, ՉԺՀ-ի՝ երկակի նշանակության որոշ ռազմավարական ապրանքների արտահանման արգելքի ներդրումից հետո այդ հանքանյութի պաշարների կրճատման պատճառով։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Ըստ տեղեկությունների՝ նախորդ երկու տարիների համեմատ գներն աճել են չորս անգամ, այն բանից հետո, երբ Չինաստանը սահմանափակումներ է մտցրել դեպի ԱՄՆ այդ հանքանյութի արտահանման վրա։ Այն լայնորեն օգտագործվում է պաշտպանական արդյունաբերության մեջ՝ փամփուշտների և զրահահար արկերի որակը բարելավելու համար։

Նշվում է, որ Միացյալ Նահանգներն արդեն երկար տարիներ է, ինչ անտիմոնիտի խոշոր արդյունահանում չի իրականացնում, ուստի այժմ ամերիկյան ընկերությունները տեղամասեր են պատրաստում դրա համար Ալյասկա և Այդահո նահանգներում։ Սեպտեմբերին ԱՄՆ Ռազմական նախարարությունը 43 մլն դոլար է հատկացրել Ալյասկայում հանքանյութի արդյունահանումն արագացնելու համար։ Ամերիկյան կառավարությունը 245 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել անտիմոնիտի ձուլակտորների մատակարարման շուրջ United States Antimony ընկերության հետ, որը կառավարում է անտիմոնիտի ձուլման գործարանը։

Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ անտիմոնիտի մատակարարումները կվերսկսվեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմում հաստատված զինադադարի համատեքստում։

Նոյեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չինաստանը դադարեցրել է դեպի ԱՄՆ երկակի նշանակության որոշ ռազմավարական ապրանքների, այդ թվում՝ գալիումի, գերմանիումի, անտիմոնիտի և գերկարծր նյութերի արտահանման արգելքը։

2024 թվականին Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը խստացրել է կրկնակի նշանակության նյութերի դեպի Միացյալ Նահանգներ արտահանման կանոնակարգերը։

ajax-loader