Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է համարում, սակայն սոցիալ-հոգեբանական առումով խնդիր է տեսնում: Այդ մասին վարչապետը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
«Անկախության առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք: Մեր անկախությանը նախորդող շրջանում մեր հարաբերությունների բնորոշիչը եղել է կոնֆլիկտը: Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն անկախություն ստացել են կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ: Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը շարունակվում է մինչև օրս: Քաղաքական առումով, կոնֆլիկտն ավարտված է, լուծված է, բայց սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ կարելի է արգելակները քաշելով կանգնեցնել: Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է մամուլում, փորձագիտական շրջանակներում, անգամ երկրների առաջնորդության մակարդակում, պետք է այս երևույթների հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ սոցիալ-հոգեբանական առումով խնդիրը հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ:
«Հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի՝ մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմության ստեղծող: Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից՝ չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ եթե այսօր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, ապա կնշանակի, որ չենք հավատում խաղաղությանը:
«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջայնացմանը, խաղաղության գործընթացին, հաղորդակցության և առևտրային ուղիների ապաշրջափակմանը, միջազգային ու տարածաշրջանային այլ օրակարգային թեմաների։ Միջոցառմանը տարբեր ձևաչափերով կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ Հայաստանից, հարևան բոլոր երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և այլն։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ