2019-ից գյուղերում բացվել է մոտ 200 նոր մանկապարտեզ․ ԿԳՄՍ նախարար

2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախադպրոցական կրթական հաստատությունների զարգացման հիմնական արդյունքները։ Նախարարը նշեց, որ 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ։

«2019 թվականին գյուղական բնակավայրերում մենք ունեցել ենք 439 գործող մանկապարտեզ։ 2024 թվականի ավարտին արդեն ունեինք 630 գյուղական մանկապարտեզ՝ շուրջ 200-ով ավելի, քան 2019-ին։ Եվ սա դեռ չհաշված 2025 թվականին կառուցվող նոր մանկապարտեզները, որոնց բացումներին, կարծում եմ, անգամ չենք հասցնում հետևել, որովհետև գրեթե յուրաքանչյուր շաբաթ, երբեմն նույնիսկ ամեն օր տարբեր մարզերում և բնակավայրերում մենք տեսնում ենք նոր աշխատանքների ավարտ և նոր երեխաների մուտք նախադպրոցական կրթություն»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի կարծիքով՝ հաջորդ տարվա պաշտոնական վիճակագրությունը ևս կհաստատի այս նոր արդյունքները։

ajax-loader