Կապանի ԼՀԿ-ն պատասխանատու գործընկերոջ և վստահելի գործատուի համբավ է ձեռք բերել․ Սյունիքի մարզպետ

Կապանի ԼՀԿ- ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և ընկերության ղեկավար կազմը ընդունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության գործունեության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց հանքարդյունաբերության կարևորությունը մարզի համար` ընդգծելով հատկապես փաստը, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը Սասուն Ավետիսյանի ղեկավարության ընթացքում հասցրել է ձեռք բերել այնպիսի պատասխանատու գործընկերոջ և վստահելի գործատուի համբավ, որն ապավինում է երկարաժամկետ ներդրումների ու ծրագրերի, որտեղ աշխատելու ցանկություն ունեցողների թիվն օրեցօր աճում է։

Ավետիսյանն, իր հերթին, հանգամանալիորեն ներկայացրեց կարճ ժամանակահատվածում ընկերության կարևոր ձեռքբերումները՝ նշելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընկերության կտրուկ առաջընթացն ու մեքենա-սարքավորումների զգալի համալրումը։ Նա ընկերության զարգացման գործում ու արձանագրվող հաջողություններում հատկապես կարևորեց թիմային աշխատանքի դերը։

Հյուրերի համար ճանաչողական այց կազմակերպվեց նաև հարստացուցիչ ֆաբրիկա։

ajax-loader