Nvidia-ն մոտ 500 մլրդ դոլար կներդնի AI տեխնոլոգիաների համար ԱՄՆ-ում

Ամերիկյան Nvidia Corp. ընկերությունն իր գործընկերների հետ առաջիկա 3-4 տարվա ընթացքում կարող է ԱՄՆ-ում ստեղծել և տեղադրել արհեստական բանականության գերհաշվարկային տեխնոլոգիաներ՝ շուրջ 500 միլիարդ դոլարի արժեքով: Fox News-ին այս մասին հայտնել է չիպարտադրողի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը։

Նրա խոսքով՝ երկրում սկսվել է նոր արդյունաբերական հեղափոխություն, որի շարժիչ ուժը արհեստական բանականությունն է։

Անցած շաբաթ Nvidia-ն հայտարարեց, որ Թայվանի Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC)-ի հետ համատեղ Արիզոնայի գործարանում թողարկել է առաջին ամերիկյան կիսահաղորդչային ափսեն՝ իր Blackwell չիպերի համար։

«Անցած շաբաթը պատմական էր: Առաջին անգամ մենք արտադրեցինք աշխարհի ամենաարդիական ԱԲ չիպերը աշխարհի ամենաարդիական գործարանում։ Եվ այս ամենը սկսվեց նախագահ Թրամփի ցանկությունից՝ իրականացնել ԱՄՆ-ի վերաարդյունաբերացում։ Նրա ներմուծման մաքսատուրքերը խթանեցին այն, ինչի շնորհիվ մենք կարողացանք այս ամենն իրականացնել այսքան արագ։ Եվ ահա՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակում մենք արտադրում ենք ամենաարդիական ԱԲ չիպերը հենց ԱՄՆ-ում։ Իսկ սա միայն սկիզբն է»։

Հուանը նաև ընդգծել է, որ ամենակարևոր բաներից մեկը, որ Թրամփն արել է ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի համար, եղել է էներգետիկ ռեսուրսների կարևորության գիտակցումը:

ajax-loader