Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները: Այդ մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։
Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե.
- Մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում
- Չափահաս եք
- Վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։
Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաև մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սեփական ուժերը, զարգացնել հմտություններն ու կարողությունները, ճանաչել այն խնդիրները, որոնց կարող են բախվել խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաները։
Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն չափանիշներին և ցանկություն ունեն իրենց հոգատարությունն ու սերը փոխանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղմամբ կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։