Samsung-ի օպերացիոն շահույթը հասել է առավելագույնին

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Samsung Electronics-ի օպերացիոն շահույթն ավելացել է 32%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հասնելով 12.1 տրիլիոն վոնի (8.48 միլիարդ դոլարի): Այս մասին նշվում է ընկերության նախնական հաշվետվությունում։

Ցուցանիշը կրկնակի գերազանցում է նախորդ եռամսյակի արդյունքը և ամենաբարձրն է՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։

Samsung-ի եռամսյակային եկամուտն աճել է 8.7%-ով՝ հասնելով ռեկորդային 86 տրիլիոն վոնի։

FactSet-ի հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին, որ ընկերության օպերացիոն շահույթը երրորդ եռամսյակում կկազմի 9.74 տրիլիոն վոն, իսկ եկամուտը՝ 83.59 տրիլիոն վոն։

Samsung-ի ֆինանսական ցուցանիշների վստահ աճը պայմանավորված է, մասնավորապես, ընկերության կիսահաղորդչային բաղադրիչների արտադրության բաժնի արագ ընդլայնմամբ՝ արհեստական բանականության ոլորտում արձանագրված բումի ֆոնին։

Ընկերության ամբողջական հաշվետվությունը երրորդ եռամսյակի արդյունքներով կհրապարակվի այս ամսվա ընթացքում։

ajax-loader