Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։
Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։
Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։
Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։
Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Փառատոնը տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի աջակիցներն են «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։
Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, Կապանի պետական դրամատիկական թատրոնը, Գավառի դրամատիկական թատրոնը, Թումո Երևանը և Թումո Կապանը, Հայաստանի պարարվեստի ուսումնարանը, Լոֆթ Երևանը, Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնը, Գորիսի և Կապանի ֆրանկոֆոն կենտրոնները, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Համազգային թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, «Ալեֆ» հրատարակչատունը և «Զանգակ» գրատունը։