Ֆոնդային բորսան ամփոփել է շուկայական տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է սեպտեմբեր ամսվա շուկայական տվյալները, ըստ որի ամիսը ցույց է տվել դինամիկ առեւտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։

Սեպտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43.2 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 24․1%-ով: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 74 գործարք՝ մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 488%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 176% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 10 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 966 գործարք՝ սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 159 կորպորատիվ պարտատոմսերով. «Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը»։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է մոտ 1.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 455 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 2830%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 40.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 197 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին կնքվել է 57 ռեպո գործարք։

Սեպտեմբերին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 384 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 1 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 382.5– 383.5 դրամ միջակայքում, իսկ գործարքի փակման գինը կազմել է 383.75 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։ 

ajax-loader