Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։
«Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը նշել է, որ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան, «որովհետև դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է և երկրորդը` մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունը»։
Նա պատմել է, որ Չինաստանում զարմանքով նկատել է, որ այնտեղ կան քարի հուշարձաններ, մինչդեռ «մենք մեր տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում»։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Արթիկ համայնքի հետ այդ բացը կլրացվի։
Քարի ոլորտում ստեղծված իրավիճակի տարբեր պատճառներ կան, ասել է վարչապետը։ Առաջինը` ոլորտում գոյություն ունեցող ոչ թափանցիկ վիճակն է, հետո գիտելիքի վրա կատարված սուղ ներդրումները կամ դրա բացակայությունը։
Աղբյուրը՝ armradio
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ