Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 41.1 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 942.7 մլն դոլար։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 13.8, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 33.7 տոկոսով: Ամռան վերջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 519.4 մլն դոլար։
Արտահանումն այս տարվա առաջին 8 ամիսներին 48.8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլրդ 900 հազար դոլար։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, կրճատվել է 16.5, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 40.8 տոկոսով։ Օգոստոսին Հայաստանից իրականացված արտահանումը գնահատվում է 586.3 մլն դոլար։
Հունվար-օգոստոսին ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 34.9 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 941.8 մլն դոլար։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ կրճատվել է 12.1 տոկոսով՝ կազմելով 933.1 մլն դոլար։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը պակասել է 28.3 տոկոսով։
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-օգոստոսին եղել է 389.39, իսկ օգոստոսին՝ 383.19 դրամ։