Atlas 950․ աշխարհի ամենահզոր համակարգչային կլաստերը՝ Huawei-ից

Չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ը հայտարարել է արհեստական բանականության համար նախատեսված Atlas 950 սուպերկլաստերի ստեղծման մասին։

Huawei Ascend-ի ավելի քան 520 հազար չիպերից կազմված նոր կլաստերը շուկա դուրս կգա 2026 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին տեղեկացրել է ընկերության վարչության փոխնախագահ Էրիկ Սյուն՝ Շանհայում կայացած ամենամյա Huawei Connect համաժողովում։

Կլաստերը կազմող յուրաքանչյուր համակարգ կլինի 6.7 անգամ հզոր, քան Nvidia-ի NVL144 համակարգը, որի գործարկումը նույնպես նախատեսված է հաջորդ տարի։

Huawei-ի լուծումը կլինի «առաջատար բոլոր ուղղություններով»՝ համեմատած Nvidia-ի համակարգի հետ, որը դուրս կգա 2027 թվականին, իսկ ամբողջ կլաստերը կլինի 1.3 անգամ հզոր, քան Իլոն Մասկի xAI ընկերության Colossus սուպերհամակարգիչը՝ ներկայումս աշխարհի ամենամեծ համակարգչային կլաստերը։

«Այսպիսով, Atlas 950-ը միանշանակ կլինի աշխարհի ամենահզոր կլաստերը», – ընդգծել է Սյուն։

Բացի այդ, 2027 թվականի չորրորդ եռամսյակում Huawei-ը կգործարկի ևս ավելի զարգացած Atlas 960 սուպերկլաստերը, որը կներառի ավելի քան 1 միլիոն Ascend պրոցեսոր։

Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները արգելել են երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերություններին ձեռք բերել Nvidia-ի ԱԲ-չիպեր։

ajax-loader