Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների միությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում օրերս Երևանում ներկայացվել է TrioLab բեմադրությունը։ Նախագիծը միավորել է երկու երկրներից նկարիչների, ռեժիսորների և դերասանների։
Վիճակահանությամբ ձևավորվել է հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստել են մինչև 10 րոպե տևողությամբ փոքրիկ ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ։

Լ
աբորատորիայի ընդհանուր թեման որոշել են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) դասախոս և նկարիչ Վիկտորիա Խարխալուպին և երաժշտական թատրոնի ռեժիսոր Ալլա Չեպինոգան։ Ընտրվել է Օվիդիոսի «Մետամորֆոզներ» ստեղծագործությունը՝ որպես փոխակերպումների և նոր աշխարհ ստեղծելու գործընթացի խորհրդանիշ։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրել դրվագներ «Մետամորֆոզների» 15 գրքերից։ Առաջնահերթությունը տրվել է այնպիսի կերպարների շուրջ կառուցված սյուժեներին, ինչպիսիք են՝ Օրփեոսը, Մեդուզան, Էքոն, Մինոտավրոսը, Դափնեն, Սիրենները և Իկարոսը։
Նախագիծը դարձել է յուրահատուկ փորձ, որտեղ առաջնային է եղել վիզուալ գեղարվեստական լուծումը։ Նկարիչների խնդիրն է եղել սահմանափակ միջոցներով ստեղծել ոճավորված դեկորացիաներ և զգեստներ, ռեժիսորների խնդիրն է եղել համադրել ստեղծագործական հայեցակարգը։ TrioLab-ի եզրափակիչ ներկայացումը հանդիսատեսն ընդունել է մեծ հետաքրքրությամբ և ջերմ արձագանքով՝ դառնալով հայ-ռուսական ստեղծագործական համագործակցության նոր էջ։