Այրքի պատմաճարտարապետական հրաշալիքները

Այրք գյուղը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 7 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, ծովի մակերեւույթից 2155 մետր բարձրության վրա։  

Այրքը տարածվում է Վարդենիսի եւ Արեւելյան Սեւանի բարձրաբերձ լեռնաշթաների գոգավորության մեջ, բնության մի գողտրիկ ու կուսական անկյունում, որտեղ ձմեռը խստաշունչ ու երկար է, ամառը՝ զով ու կանաչազարդ։

Այրք անվանումը հիմնականում կապվում է գյուղի հարավում տարածվող քարայր-կացարանների մի ողջ համալիրի հետ, որտեղ մեր հեռավոր նախնիները բնակվել են անհիշելի ժամանակներից։ Համաձայն Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության կողմից գրանցված տվյալների՝ այդ քարայր-բնակատեղիները թվագրվում են ինչպես Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակով, այնպես էլ՝ միջնադարով ու 16-19-րդ դարերով։ Այդ մասին է փաստում նաեւ գյուղից 2-3 կիլոմետր արեւմուտք գտնվող դամբարանադաշտը, որը թվագրվում է Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակով։

Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի կեսերով է թվագրվում նաեւ կիկլոպյան դարաշրջանի ամրոցը, որի պարիսպները պահպանված են կիսավեր, սակայն տեսանելի ու բավականին արտահայտիչ վիճակում։  

Իսկ ինչ է վկայում գյուղի մասին անվանի հնագետ Երվանդ Լալայանը․ «Գյուղը տեղավորված է մի քարքարոտ բլրի գագաթին, որի առջեւից հոսում է մի գետակ։ Բլրի գագաթին նկատելի են մի ամրոցի հետքեր, իսկ ստորոտում կան 15-20 բնական եւ արհեստական քարայրներ, որոնցից մինն այնքան մեծ է, որ իբրեւ ձիթհանք է ծառայել, ինչպես երեւում է մինչ այժմ էլ նրա մեջ մնացած ձիթհանքի ահագին քարից։ Մյուս քարայրները հավանաբար բնակարան են եղել, որովհետեւ նրանց մեջ կան թոնիրներ։ Հնում այս գյուղը Բրդի-այրք է կոչվել, եւ այստեղ դեռեւս մնում են երկու հայկական եկեղեցիներ։ Սրանցից մեկը, որ փոքր է եւ ունեցել է գավիթ, գտնվում է գյուղի մեջ․ սագաշեն է, սեւ, տաշած, մասամբ էլ անտաշ քարերով շինված։ Անսյուն է, անխորան․․․Մյուս եկեղեցին գտնվում է գյուղի արեւելյան ծայրում։ Սա եւս սագաշեն է, սեւ քարերով շինված, անսյուն եւ անխորան, միայն հյուսիսային պատի մեջ բացվում է մի դուռ, որ տարել է դրսում շինաված եւ այժմ կործանված խորանը․․․»,-գրում է Լալայանը։

Այրքում հայ բնակչությունն ապրել ու արարել է պատմական բոլոր դարաշրջաններում, անկախ բնական աղետներից կամ քաղաքական արհավիրքներից՝ անհիշելի ժամանակներից մինչեւ 17-րդ դարի վերջերը, երբ ենթարկվել է ցեղասպանության կամ բռնի տեղահանման այլադավան ցեղերի կողմից։  

Սակայն հայկական էթնոսի թողած պատմամշակութային ժառանգությունն այստեղ այնքան հարուստ ու բազմաշերտ է, որ գրեթե երեք դար շարունակ մեր հողի ու արյան թշնամիներին չի բավարարել՝ արմատապես ջնջելու հայկականության հետքերը, պատմամշակութային այդ սքանչելի կոթողները, որոնք հանդիսանում են ճարտարարպետության, քանդակագործության, գեղագրության սքանչելի գլուխգործոցներ, պատմության ճշմարիտ ու խոսուն վկաներ, պատմական կեղծարարության դեմ ծառացող հզոր միջոցներ։  

Այս բնակավայրը, դատելով պատմական հուշարձանների բազմաքանակությունից ու բազմազանությունից, բարձրարվեստ, շքեղ քանդակներից, եղել է իշխանանիստ, Սյունիքն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող չափազանց կարեւոր հանգրվան ու հանգույց։   

Ինչպես իր «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ վկայում է անվանի հայագետ Սեդրակ Բարխուդարյանը, այս գյուղի վրայով է անցնում Սեւանի ավազանը Լեռնային Ղարաբաղին կապող հին ճանապարհներից մեկը, որը, Այրքի հարավային կողմից լեռնային անմարդաբնակ տարածություններն անցնելով, մտնում էր Ծար իշխանանիստ ավանը եւ Թարթառ գետի հովիտը։ 

Ծարի իշխանական տունը՝ Դոփյանները, տիրում էին նաեւ Սոդք գավառին կամ նրա մի մասին։ Այրք գյուղի հին մեծությունը եւ Դոփյաններին հիշատակող շատ արձանագրություններ էլ հենց ենթադրել են տալիս, որ սա եղել է Դոփյանների վարչական կենտրոնը՝ Սոդք գավառի տիրույթների տիրապետման համար։  

«Այդպիսի կենտրոնի անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ իրենց իշխանանիստ Ծար ավանը գտնվում էր լեռնաշթայի մյուս կողմում ու ձմռան ընթացքում երկար ժամանակ կտրվում էր Սոդքից՝ ալպյան արոտներով անցնող անմարդաբնակ եւ ձյունածածկ ճանապարհի պատճառով։ Հնարավոր է ենթադրել, որ իրենց բուն նստոց Ծարի հետեւությամբ հենց, Դոփյանների տիրապետության ժամանակ, Սոդքի նրանց կենտրոնը նույնպես Ծար է կոչվել, որովհետեւ Ստեփանոս Օրբելյանը Սոդք գավառի իր ցուցակում նույնպես Ծար գյուղ ունի նշանակած։ Իսկ նույնանուն գյուղերի գոյությունը տարբեր գավառներում շատ սովորական երեւույթ է»-եզրակացնում է Բարխուդարյանը։

Այրքում պետական պահպանության ցանկում գրանցված է 72 հուշարձան՝ միջնադարյան երկու կանգուն եկեղեցիների, պատմական գերեզմանոցների եւ բարձրարվեստ քանդակներով զարդարված եւ վիմագիր արձանագրություններ կրող խաչքարերի ու տապանաքարերի տեսքով։

Սեդրակ Բարխուդարյանի կողմից Այրքում վերծանվել է վիմագիր 41 արձանագրություն։

Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը գտնվում է գյուղի մեջ, փոքր եւ թաղածածկ շենք է, շինված կոփածո քարերով, 13-րդ դարի երկրորդ կեսին, Դոփյանների տիրապետության ժամանակ։ Հնագույն արձանագրությունը շինարարական է, որը վերաբերում է վերը նշված ժամանակաշրջանին։ «Ի ԹԻՎՍ ՋԺԹ/1260/ ՎԵՐԸՍՏԻՆ ՆՈՐՈԳԵՑԱՎ ԱԲ․ ԵԿԵՂԵՑԻՍ։ ԵՍ ՅՈՎԱՆԷՍ ԱՒԱԳ ԷՐԷՑՍ ԿԱՆԿՆԵՑԻ»։

Բնական է, որ վիմագրությունը հաղորդում է Սուրբ Գեւորգի նորոգման, այլ ոչ թե կառուցման ստույգ թվականի մասին, ինչից էլ պետք է եզրակացնել, որ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ ժամանակներում, քան թե 13-րդ դարում։

Սուրբ Գեւորգ եկեղեցու արեւմտյան մուտքի կամարակապ ճակատի վրա արձանագրված է․ «ԿԱՄԱՎՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՈ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՆԱ ՈՒ ՄԱՄՔԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ԵՎ ԱՍՓԵԻՆ ՄԵՔ ՄԻԱԲԱՆ ԵՂԲԱՐՔՍ ՈՀԱՆ ՈՒ ՍԱՐԳԻՍ, ՈՀԱՆԵՍ, ՍԱՒԱԼԱՆ, ԱԼԱՔՍԻՈՍԵՐ ։Բ։ ԱՄՈՒՍԻՆՔ ՄԵՐ ՄԱՄՏԻԿԻՆ, ՇԱՀՆԱՐԽԱԹՈՒՆ, ՄԱՄԱԽԱԹՈՒՆ ԽԱՅՐ ՇԻՆԵՑԱՔ ԶԿԱԹՈՂԻԿԵՍ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՈ ՄԵՐ»։

Ըստ Բարխուդարյանի՝ արձանագրությունը գրված է եղել 1287 թվականից առաջ, Խաչենի իշխան Հասան Բ-ի կենդանության ժամանակ։ Նախկին հրատարակիչների մոտ բաց է թողնված ՍԱՒԱԼԱՆ անունից սկսած՝ մինչեւ ՇԻՆԵՑԱՔ բառը։  

Սուրբ Գեւորգ եկեղեցու արեւմտյան պատի հյուսիսային կեսի ստորին մասում արձանարգված է ․ «ԹՎ․ՋԾ /1301/ ՅԱՄԻՆ ՅՈՐՈՒՄ ԷՐՆ ԿՈՐՈՒՍՏ ՍՐԲՈՑ ԵՍ ՅՒԱՆԷՍ ԿԱՆԿՆԵՑԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԱՆԻՍ Ի ԲԱՐԷԽՈՍՈՒԹՒԻՆ ԱՄՈՒՍՆՈՒՍ ԵՒ ԱՂԲՈՐՍ ԻՄ ՍՐԱԽՈԽՈՂ․ ԵՒ ԵՍ ԱՆՅԻՇԱՏԱԿ ԿՈՐԵԱՅ․ԱՐԴ ԱՂԱՉԵՄ ԶԱՄԵՆԵԱՆ Ի ՍՈՒՐԲ ԱՂՈԹՍ ՅԻՇԵՑԵՔ»։

Սույն արձանագրությունը գուժում է թշնամական ներխուժման ու եղերական սպանության, ապրողների սրտում մնացած ու սերունդներին փոխանցված անդառնալի ցավ ու կսկիծի մասին, որ անջնջելի կերպով դաջվել-մնացել է եկեղեցու որմնաքարին։

Սուրբ Գեւորգ եկեղեցու արեւմտյան պատին, արտաքուստ, ագուցված խաչքարի շրջանակներին գրված է․ «Ի ԹՎ ՉԻԶ /1277/ ԵՍ ԱԿՈԲ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ Ի ՔՐԻՍՏՈՍ ՅԻՇԵՑԵՔ»։

Այս տողերում էլ արտահայտված է կյանքի հանդեպ երբեք չխամրող սերն ու կարոտը եւ մահվան հանդեպ անհուն սարսափը, որ չի խնայում եւ ոչ մի շնչավոր արարածի։

Եկեղեցու բակում ընկած օրորոցաձեւ տապանաքարի հարավային եզրի շրջանակներին գրված է․«ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԹԵԶԱԳՈՒԼԻՆ, ԴՈՒՍՏՐ ՀԱԽՆԱԶԱՐԻՆ»։

Շքեղազարդ ու գրվիչ է Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի բարավորի եւ կողքի երկու քարերի վրա պահպանված արձանագրությունը։

«ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ, ՅԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱԲԱՂԱ ԽԱՆԻՆ ԵՒ ՅԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԾԻՆ ՀԱՍԱՆԱՅ ՄԵՔ ՈՐԴԻՔ ՀԱՅՐԱՆՈՒՆ Ա․․․ԱՆԱՐԺԱՆ ՔԱՀԱՆԱ ՍՏԵՓԱՆՈՍ ԵՒ ՍԱՐԳԻՍ ԵՒ ԵՂԲԱՐՔ ՄԵՐ ԶՈՒԱԴ, ՍԱՍՆԱ, ՎԱՀՐԱՄՇԱ, ԱԲՆԱ ԵՒ ԱՄՈՒՍԻՆՔ ՄԵՐ ՏԻՐԱՆՑ, ՍԱՌԱ ՈՒ ՌՈՒԶՈՒՔԱՆ, ԱՍԼԵՐ, ԼԻՏԻԿԻՆ, ԶՈՀԱԼ Ի ԴԱՌՆ ԵՒ ՆԵՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՇԻՆԵՑԱՔ ԶՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆՍ ԵՒ ԶԺԱՄԱՏՈՒՆՍ Ի ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱՆՑ, ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՑ ՄԵՐՈՑ ԵՒ Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԶԱՒԱԿԱՑ․ ԱՐԴԱՂԱՉԵՄՔ ԶԺԱՌԱՆԳՈՐԴ ԵՒ ՍՊԱՍԱՎՈՐՔ ԵՒ ԵՐԿՐՊԱԳՈՂՔ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՅՍ ՅԻՇԵԼ Ի ՍՈՒՐԲ ԱՂՈԹԻՑ»։

Եկեղեցու արեւմտյան պատին, մուտքից հյուսիս, արտաքուստ, երեսպատման քարի վրա գրված է․« ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՄԱՄՔԱՆ ԳՐԻԳՈՐՈՅ ԶՁՈՐԻ ՋԱՂԱՑՆ, ԶՃԱԼԻ ՀՈՂՆ, ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՋՐԱՂԱՑԴՐԱՆ ԽՈՏԱՏԵՂՆ, ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՍ ՏՈՒԱՔ․ՍՏԵՓԱՆՆՈՍ ՍԱՀՄԱՆԵԱՑ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ Գ․ ԺԱՄՆ ՊԱՐՈՆԻՆ ՀԱՍԱՆԱՅ․ ԶԻՆՉ ԳՐԱԾ Է, ՈՎ ԻՑԵ ՅԵՏ ԱՌՈՒ, ԿԱՄ Ի ՆՈՑԱՆԵ ԱՒԳԱՆ ԱՌՈՒ ։ՅԺԸ։ ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ ԿԱՊԱԾ»։

Հարկ է նշել, որ, ըստ Բարխուդարյանի, նախկին հրատարակիչների մոտ արձանագրության վերջին տողերն աղավաղվել են ու կրճատվել, բաց է թողնվել ԱՒԳԱՆ բառը, որը նշանակում է ջրի հարկ։ Արձանագրությունը գրվել է Հասան իշխանի մահից՝ 1287 թվականից հետո, նրա կին Մամքանի կենդանության օրոք, ով իր մահկանացուն կնքել է 1298 թվականին։

Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան պատին, , մուքից հարավ, արտաքուստ պահպանված է հետեւյալ արձանագրությունը․ «ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՀԱՄԵՐՍ, ՄԿՐՏԻՉ ՄԻՐԶԱՃԱՆԻ ՀՈՂՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՍ ՏՎԱՔ ․ՍՏԵՓԱՆՈՍ ՍԱՀՄԱՆԵՑ ։Բ։ ԱՒՐ ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՐԻՆ ։Ա։ ԱՇՈՏԱ ։Ա։ ՄԱՐԳԱՐՏԱ, ՈՎ ԶՀՈՂՆ ՅԵՏ ԱՌՈՒ ԿԱՄ ԶԺԱՄՆ ԽԱՓԱՆԷ ։ՅԺԸ։ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ՆԶՈՎԱԾ Է»։

Արձանագրությունը գրված է 1270-80-ական թվականներին։

Քարեղեն ու վայելչակազմ այս գրերը պատմում են հեռավոր ժամանակների դժվարին կյանքի, կորուստների, սահմանված հարկերի, հավատապաշտության, կյանքի բազմազան դրվագների, իշխանների ու հոգեւորականների ձեռնարկների մասին։ Ու այս գրերը ոչ պակաս գեղարվեստով են լեցուն, քան թե մի քանի տասնյակ խաչքարերի ու տապանաքարերի վրա արված քանդակներն ու նկարազարդումները։

Այս քարերի վրա դրոշմված է մեր ազգի խառնվածքը, ոգին, երազանքը, կենսասիրությունը, հավատը, ճաշակն ու գիտելիքը, որ դարերի մեջ ոչ թե խամրել, այլ ավելի է բյուրեղացել ու զարգացել՝ առնելով նոր ձեւ ու բովանդակություն։

Այս քարերի վրա դրոշմված է մեր ազգի հերոսական ու ողբերգական պատմությունը, մեր ազգի մարդկանց ու կանանց, հայրերի ու զավակների անունները, որոնք եկել են դարերի խորքերից ու շարունակվել նոր պատմական երթերի մեջ։

Այս քարերի վրա դաջված են մեր իշխանների ու հոգեւորականների անունները, ովքեր սրով ու աղոթքով դիմադարձ են կանգնել անողոք նվաճողներին ու նրանց բզկտող ճիրաններից փրկել Հայ հայրենիքն ու Հայկականությունը։

Այս քարեղեն գրերը հիշատակում են նաեւ Էտգարի մայր Շաղինարին, Ամիրի հայր Մարտիրոս քահանային, մայր Խուդլու Մելիքին, կին Շահսուլթանին, որդի Ճանին, Բիրպուտախին, Գրիգորին, Սիրունին, Միրզայի հայր Ամիրկուլին, եղբայր Ղուլին, մայր Կուլիստանին, Բարսեղ քահանայի որդի Ավագին ու այլոց։ Դժվար է ասել, թե ինչ աղետից են մահացել Ամիրի հայրն ու մայրը, կինն ու չորս զավակները, սակայն նրանց վրա կանգնեցված խաչքարը պատրաստվել է 1505 թվականին, ինչը հուշում է, որ բոլորը մահացել են միաժամանակ կամ նույն տարում։

Այրքում դարերի ընթացքում ապրած մարդկանց անունները կարելի է երկար թվել, սակայն դրանց մեջ չէ այն բովանդակությունը, որն արտացոլում է այս հուշարձանախմբերի բուն արժանիքն ու ապրեցնող խորհուրդը։ Իսկ այստեղ ամեն մի քար մի հզոր խորհուրդ է, ձեռագիր մատյան կամ ապրված կյանքից վերցված սքանչելի պատկերաքանդակ։

Ահա դրանցից մի քանիսի նկարագիրը․Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի հարավում, պատի տակ պահպանված օրորոցաձեւ տապանաքարի հարավային կողին պատկերված են երեք խորաններ, մեկի մեջ խաչ, կենտրոնում՝ ծալապատիկ նստած եւ երկու լարանի սազ նվագող , իսկ երրորդի մեջ ձախ ձեռքով գավ բռնած մարդ։ Հյուսիսային կողին՝ թամքած ձի, երկու զվարճացող մարդիկ, եղջերու՝ վրան նստած թռչուն, քարայծին հոշոտող առյուծ եւ գինու գավեր։ Արեւելյան ճակատին՝ թեւատարած արծիվ՝ ճանկերում գառ։ Խորանների տակ կա երկտողանի արձանագրություն․ «Այս է հանգիստ Գուլապին․ԹՎ․Ռ/1551/։

Օրորոցաձեւ մեկ այլ տապանաքարի երեք խորաններից մեկում խաչ է պատկերված, կենտրոնում՝ մեծ գավ՝ կանթերի փոխարեն ձեւավորված թռչնիկներ, երրորդում՝ ականջների վրայից կախված հյուսքերով ու ծալքերով շոր հագած, ձեռքերը կրծքին խաչած կին։ Շրջանակներին կա արձանագրիր 2 տող․ «Այս է հանգիստ Գուճին․ԹՎ․ ՌԲ/1553/։

Այս գեղեցկագույն հուշարձանների մեջ աչքի է զարնում երկգույն խաչքարը, որն ավելի վառ է արտահայտվում մայրամուտի շողքերի ներքո։ Դեպի արեւմուք նայող խաչքարի հյուսիսային կողմը կարմրավուն է փայլում, հարավային կողմը՝ մոխրագույն։ Խաչքարն այս տեսքն առել է բնության ու տեւական ժամանակների մեջ․ նրա մի մասը հողի շերտի տակ երկար մնալուց մամռակալել ու կարմիր երանգ է առել, իսկ մի մասը պահպանել է իր բնական գույնը։

Այրքի եկեղեցիների բակերում պահպանված գերեզմանատների խաչքարերի ամենահին արձանագրությունը վերաբերում է 1011, ամենանորը՝ 1666 թվականին։ 1649 թվականին կերտված խաչքարերից մեկի վրա պահպանված է Անանիա կազմողի անունը։

Հետո Այրքի համար գալիս են շատ ավելի դժնդակ ու մռայլ ժամանակներ։ Քոչվոր ու ավարառու ցեղերի ավազակային հարձակումների, հաճախակի կրկնվող թուրք-պարսկական ռազմական դաժան բախումների արդյունքում գյուղը հայաթափվել է 18-րդ դարի ընթացքում։ Թեեւ չի բացառվում, որ թշնամական ցեղերի կողմից տակնուվրա արված Այրքի մեկ այլ ու մեծ գերեզմանոցում, որը չի պահպանվել, նույն դարում թաղումներ արված լինեին։ Ահա թե ինչ է վկայում Երվանդ Լալայանը՝ 20-րդ դարի 10-ական թվականներին այցելելով ու տալով այս գյուղի համառոտ նկարագիրը։ «Մի ընդարձակ գերեզմանատուն ընկած է գյուղից դուրս․ խաչքարերի մեծագույն մասը կոտրված է․ տապանաքարերը տարված են շինությունների վրա գործադրելու։ Այժմյան գյուղի տների մեծագույն մասը կիսագետնափոր գլխատներ են, նոր-նոր են շինվում կանոնավոր սենյակներ։ Գյուղը բլրի գագաթից իջնում է դեպի ստորոտը, դեպի հարթ, գեղեցիկ տեղը։ Այժմյան բնակիչները շիա թուրքեր են՝ Ղազախի Ալի-բակլի եւ Գըզըլ Հաճըլը գյուղերից գաղթած»,-գրում է Լալայանը։

Այրքը վերահայացել է 1988 թվականի վերջից՝ վերաբնակեցվելով Ադրբեջանի Հանրապետության տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված հայ ընտանիքներով։ Այժմ Այրքում բնակվում է շուրջ 300 մարդ։ Այրքի միջնակարգ դպրոցն են հաճախում 24 աշակերտ։

Ցավոք, ղարաբաղյան վերջին պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո Այրքը դարձել է սահմանային ու սահմանապահ գյուղ։

Այրքը թանկագին, սրբացած հայրենիք է՝ հայկականության իր զորեղ դիմագծով, պատմամշակութային հուշարձանների անգնահատելի գանձարանով, ձեռակերտ կոթողների ինքնատիպությամբ, բնական ամրությամբ, հայրենակերտման հզոր կանչով, որն ամբողջացնում է հայոց անցյալի փառքը, ներկայի մաքառումն ու ապագայի ազգային բաղձանքը։ 

ajax-loader