«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» բացառիկ համերգը՝ Գյումրիում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Շրջագայության հերթական կանգառը Գյումրին էր։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Դրա հիմնական նպատակն է խթանել մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը՝ դասական արվեստը հասանելի դարձնելով Հայաստանի բոլոր բնակիչներին։ Այս նախաձեռնության շնորհիվ մարզերի հանդիսատեսն ունենում է բացառիկ հնարավորություն՝ ունկնդրելու դասական երաժշտության բարձրակարգ կատարումներ։ Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբին միացել է աշխարհահռչակ, ինչպես նաև հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Համերգային ծրագրում ներառված էին Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը», ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կարևորում է մարզային այցելությունները՝ դրանց միջոցով նպատակ ունենալով սերունդներին փոխանցել դասական երաժշտության հանդեպ սեր և խթանել մշակութային արժեքների պահպանումը: 

«Արդեն մի քանի տարի է՝ մենք փորձում ենք ակտիվացնել դասական երաժշտության կյանքը մարզերում։ Թվում էր, թե մարզերում հարմար դահլիճներ չկան, բայց իրականում բազմաթիվ լավ դահլիճներ կան։ Մենք ամեն անգամ զարմանում ենք՝ որքան կրթված ու զգայուն ունկնդիր ունենք մարզերում։ Մշակութային կյանքը պետք է ակտիվ լինի ամբողջ Հայաստանում։

Դասական արվեստը՝ ոչ միայն երաժշտությունը, այլ ամբողջ ակադեմիական մշակույթը, մեր ինքնության կարևոր բաղադրիչն է։ Մենք դա գուցե գիտակցում ենք, բայց եթե ավելի խորապես հասկանանք ու համակարգված աջակցություն ապահովենք, ապա մշակույթը կդառնա մեր հասարակության կայուն զարգացման հենասյուներից մեկը՝ այդ թվում նաև քաղաքական առումով։ Այսօր մենք ունեցանք ֆանտաստիկ համերգ՝ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկի՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։ Համոզված եմ, որ բոլոր արտիստները, ովքեր ելույթ են ունենում Երևանում, պետք է լինեն նաև մարզերում։ Դա մեր ապագայի կարևոր ուղղություններից է»,- համերգից հետո նշեց Էդուարդ Թոփչյանը՝ հավելելով, որ առաջիկայում նվագախումբը նախատեսում է մեծածավալ ծրագրեր՝ ուղղված մարզերի մշակութային կյանքի զարգացմանը։

ajax-loader