Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2024–ին ընդհանուր առմամբ մթերվել է 15 200 տոննա լոլիկ, այնինչ 2025–ի օգոստոսի 28–ի դրությամբ ադեն իսկ մթերվել է 8 800 տոննա լոլիկ, որը շուրջ 5 000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը այս պահին մթերվում է 40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի մեկ կգ–ի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։
վեռրջին տարիներին գրանցվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի, այդ թվում հայկական շուկայում։ Տոմատի մածուկ արտադրող ընկերությունները շահագրգռված չեն տոմատի մթերումների իրականացմամբ։ Ընթացիկ տարում առկա է շուրջ 7 հազար տոննա լոլիկի մթերման խնդիր։
Նախագծով առաջարկվում է 2025–ին լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին տրամադրել աջակցություն հետեւյալ պայմաններով.
2000 տոննան ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում,
2000 տոննան գերազանցող մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին մթերված յուրաքանչյուր մեկ կգ լոլիկի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն։
Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»:
Նախարարի խոսքով, այդ որոշման արդյունքում տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կմեծանա մրցակցության մակարդակը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ կա 5 գործարան, որից 1-ը ավելի քիչ է մթերում, մյուս 2-ը՝ մինչև 200 տոննա, ուստի վերջիններս չեն օգտվի այս ծրագրից: Կօգտվի միայն 2 ընկերություն: Մեկը պլանավորում էր 9000 տոննա լոլիկ մթերել, այս պարագայում կմթերի 14,000-ից ավելի, մյուսը 2500-3000 էր պլանավորում, այս պարագայում կմթերի 4500-5000 տոննա: