Փաշինյան. Հայաստանի ու Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի իրավական-քաղաքական հենքի վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն իրավական-քաղաքական հենքի վրա։ 

Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե անկլավ-էքսկլավների վերաբերյալ ի հայտ գան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած իրավական հիմքեր, ապա  դրանց հետ պետք է առերեսվել։

«Ես ադրբեջանցիներին ասել եմ, որ անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր չկան, նրանք ասել են՝ ունենք և կներկայացնենք։ Իրենք էլ կասկածի տակ են դրել Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը՝ մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք։ Առավել ևս հիմա այդ հարցերը պետք է լուծվեն իրավական-քաղաքական հենքի վրա։ Մենք պայմանավորվել ենք, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա քարտեզներով և մյուս իրավական հիմքերով պետք է ճշգրտենք, թե ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը՝ չնայած, ընդհանուր առմամբ, արդեն գիտենք՝ ներառյալ անկլավ-էքսկլավ հարցը։ Ես վաղուց ասել եմ, որ չեմ կարող էքսկլավ-անկլավ թեմայից հրաժարվել, որովհետև մենք ինքներս այդ խնդիրն ունենք։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ մենք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հետևից սկզբունքային ու հետևողական գնանք և մենք գնալու ենք այդ տրամաբանությամբ»,-վստահեցրեց Փաշինյանը։

Նրա տեղեկատվությամբ՝  սահմանազատման հանձնաժողովները դեռևս այդ հարցին առարկայական չեն անդրադարձել, բայց ինչ-որ մի պահի պետք է անդրադառնան։ 

«Մենք նոր բան ստեղծելու անհրաժեշտություն չունենք և չենք ունենալու։ Եթե կա Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած այդ իրավական հիմքը, ուրեմն մենք պետք է առերեսվենք այս փաստի հետ, եթե չկա՝ ապա այս փաստի հետ ևս պետք է առերեսվենք»,-ընդգծեց վարչապետը։

ajax-loader