Երիտասարդության միջազգային օրը` Գեղարքունիքում

Երիտասարդության միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է մի շարք մարզամշակութային միջոցառումներով։ 

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերից, մարզում կազմակերպվել են համերգներ, կինոցուցադրություններ, հանդիպումներ, ցուցահանդեսներ։ 

Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան  կենտրոնական գրադարանում տեղի է  ունեցել  «Երիտասարդությունը ժամանակ չէ, այլ ոգի է» խորագրով միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։ Բարձրացվել են  երիտասարդներին հուզող կարևոր հարցեր,  անցկացվել է  ինտերակտիվ խաղ-քննարկում, որտեղ մասնակիցները  կիսվել են  իրենց մտքերով ու փորձով։

Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացվել է  «Պարի թևերով» խորագրով համերգային ծրագիր: Համայնքային մշակութային կենտրոնի պարային և վոկալային համույթների սաների կատարումներն ամբողջացրել են  օրվա բարձր  տրամադրությունը։

Նույն վայրում տեղի է ունեցել սեղանի թենիսի սիրողական մրցաշար, որին մասնակցել են նախապես հայտ ներկայացրած 16-35 տարեկան աղջիկներ և տղաներ։ Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները արժանացել են  համայնքի ղեկավարի հավաստագրերին։

Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել է երիտասարդ նկարիչ Նվեր Գագիկի Սարգսյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կգործի ևս մի քանի օր:

Նույն ճեմասրահում ներկայացվել էին ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանի հիմնադրած «Արտեֆակտ» ուսումնական կենտրոնի սաների ցուցադրությունները: Երիտասարդ ստեղծագործողների՝ մեկը մյուսից ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքները համադրում էին մտքի, ձեռքի և երևակայության բաղադրիչները: 

Վարդենիս համայնքի  Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում  Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումը  կրում էր «Երիտասա՛րդ, երազի՛ր, պայքարի՛ր, ստեղծի՛ր․․․» խորագիրը։

Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ուժային կառույցների ղեկավարները, Վարդենիսի հոգևոր հովիվ տեր Հարություն քհն. Հունանյանը, ավագանու անդամները, վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների աշխատակազմերը՝ տնօրենների գլխավորությամբ, այլ կառույցների ներկայացուցիչները, Վարդենիս համայնքի երիտասարդները։

Տեր Հարություն քահանա Հունանյանը նախ իր օրհնությունն է տվել երիտասարդներին, այնուհետ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ջերմորեն շնորհավորել է սիրելի երիտասարդներին և մաղթել հաջողություններ։ Համեգային ծրագիրը բարձր տրամադրություն է պարգևել մասնակիցներին։ 

Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է համերգային ծրագիր, «Ժակի բուլվար» կոչվող այգում էլ բաց երկնքի տակ հանդիսատեսին է ներկայացվել «Մսյո Ազնավուր» ֆիլմը։ «Գավառի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ։  

Մարտունի համայնքում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված նախօրոք ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ Մարտունի քաղաքի բնակիչ, Հայոց բանակի ժամկետային զինծառայող Վահե Զաքարյանի մահվան պատճառով։  

ajax-loader