ՀՀ տնտեսության գործիչ, հանքարդյունաբերության մեջ բեկումնային դերակատարում ունեցող Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր ՀԽՍՀ և ՀՀ տնտեսության գործիչ, երկար տարիներ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի ծննդյան օրն է։

Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը (8 օգոստոսսի 1949, գ. Վերին Հանդ, Ղափանի շրջան – 9 դեկտեմբերի, 2018) միշտ գնահատել է աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։

Մաքսիմ Հակոբյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ լեռնային ինժեների որակավորմամբ։ 1972-ից աշխատել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

1998 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն։ 2003թ. մարտի 24-ին նշանակվել էր կոմբինատի գլխավոր տնօրեն, 2014թ. մայիսից կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն էր:

Նրա ղեկավարման տարիները բեկումնային եղան հանքարդյունաբերության համար։ Մաքսիմ Հակոբյանին դրվատանքով են հիշում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում և ամբողջ Սյունիքում: Նա նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հիմնադիրն է

Մաքսիմ Հակոբյանը արժանացել էր մի շարք պարգևների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ (2002), Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, 2005 թ. Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր (2008), Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր, 2007 թվականին ճանաչվել էր «Տարվա մարդ» («Դե-ֆակտո» ամսագրի վարկածով)։

ajax-loader