Զգույշ և անվտանգ ռոբոտ. տեխնոլոգիաները ձգտում մարդկայնության

Սուրեյի համալսարանի գիտնականները մշակել են նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս ռոբոտներին կանխատեսել, թե երբ առարկան կարող է դուրս պրծնել ձեռքից, և ակնթարթորեն հարմարեցնել իրենց շարժումները՝ այն պահելու համար, գրում է Interesting Engineering-ը։

Ավանդական համակարգերում ռոբոտները պարզապես ուժեղացնում են բռնելու ուժը, ինչը ոչ միշտ է արդյունավետ և կարող է վնասել փխրուն իրերը։ Նոր կենսանմանակող տեխնոլոգիան նմանակում է մարդկային արձագանքը. համակարգը ճանաչում է ընկնելու հավանականությունը և փոխում է բռնելու հետագիծը, այլ ոչ թե մեծացնում ճնշումը։

«Երբ դուք պահում եք ափսե, որը սկսում է ընկնել, դուք ոչ թե պարզապես ավելի ամուր եք այն սեղմում, այլ դանդաղ փոխում եք ձեռքի շարժումը, թեքությունը կամ դիրքը՝ անկումը կանխելու համար»,- պարզաբանել է դոկտոր Ամիր Էսֆահանին։

Արդյունքն ավելի խելացի, զգույշ և անվտանգ ռոբոտն է. այն առարկան ավելի հաստատուն է պահում՝ առանց այն կոտրելու կամ չափազանց ուժի պատճառով վնասելու։

Սա հատկապես կարևոր է նուրբ կամ անհամաչափ առարկաների հետ աշխատելիս՝ բժշկական սարքավորումներից մինչև ճենապակի։

Մեթոդն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը լաբորատոր պայմաններում և ճանապարհ է բացում բժշկության, լոգիստիկայի և արտադրության մեջ կիրառման համար, որտեղ ռոբոտներից կպահանջվի առարկաների հետ աշխատել՝ առանց դրանք վնասելու։

Անկմանը նման ճկուն արձագանքը դասական օրինակ է, թե ինչպես են տեխնոլոգիաները ձգտում մարդկայնության. ոչ թե պարզապես «ավելի ամուր բռնել», այլ «զգալ և գործել»՝ ինչպես իսկական մարդը։

ajax-loader