Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։
Ներկայացնելով որոշումը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց. «Այն ունի և ունենալու է առանցքային նշանակություն մեր երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Այս ռազմավարությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ձևավորելու կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք՝ հիմնված բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա»։
Նրա խոսքով, վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում մեր տնտեսության արտահանման ամբողջական ներուժը: Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեության համար՝ սահմանափակելով մեր հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով:
«Այս ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար: Ռազմավարման հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք՝ բաղկացած հստակ տեսլականից, այն է՝ արտահանման վրա հիմնված տնտեսական աճի խթանման միջոցով նպաստել երկրի, բնակչության բարեկեցության աճին և տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց Գևորգ Պապոյանը:
Նա ասաց, որ ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից:
Ռազմավարական նպատակներ են՝
արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում.
ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում.
արտահանողների և նրանց կարողությունների զարգացում.
արտահանման շուկաների ընդլայնում.
արտահանման խթանում և ֆինանսավորում:
Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության:
«Ընդհանուր միջոցառումները վերաբերում են, ըստ էության, բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները վերաբերում են համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը, որոնց համար գնահատվել են առկա և պոտենցիալ ունեցող շուկաները Անսոֆի մատրիցայի մեթոդաբանությամբ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3 միլիարդի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի:
«Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ միջոցները հիմնականում նախատեսված են օգտագործել վերջին տարիներին՝ 27, 28, 29 թվականներին, իսկ սկզբնական փուլում իրականացվելու է օրենսդրական լավարկումների և ինստիտուցիոնալ միջավայրի բարելավում: Այսինքն՝ պետությունը ծախսում է 250 մլն դոլար 5 տարվա արդյունքում, և վերջում ունենալու ենք 1.7 անգամ ավելի շատ տարեկան արտահանում: Սա, կարծում եմ, շատ հիմնավոր և շատ լավ ներդրում է, եթե մենք կարողանանք այս թվերով այսպիսի մեծ ծավալի արտահանում ապահովել:
Համոզված ենք, որ ռազմավարաության իրականացումը էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- նշեց Գևորգ Պապոյանը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ