Գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.3 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության տվյալը։ Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։

Հունիսին այն 8.8 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի հունիսի համեմատ աճել է 8.6 տոկոսով։ 

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 257 մլրդ 746․6 մլն դրամ։ Հունիսին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 2․5 տոկոսով՝ կազմելով 226 մլրդ 899.7 մլն դրամ։ Ընդ որում, նախորդ տարվա հունիսի ցուցանիշից ցածր է եղել 1.2 տոկոսով։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին վեց ամիսներին 7.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գնահատվելով 316 մլրդ 87.7 մլն դրամ:

Շինարարության ծավալը 2025 թվականի հունվար-հունիսին 18.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 224 մլրդ 871.5 մլն դրամ։ Հունիսին՝ մայիսի համեմատ, գրանցվել է 21.1 տոկոսի աճ։ Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 22.6 տոկոս է։ Այս տարվա հունիսին իրականացվել է 59 մլրդ 408.2 մլն դրամի շինարարություն։

Առևտրի շրջանառությունը հունվար-հունիսին 3.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 953 մլրդ 471.8 մլն դրամ։ Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 6.2 տոկոսով՝ կազմելով 549 մլրդ 356.9 մլն դրամ: Նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 2.8 տոկոսի աճ:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա առաջին կիսամյակում 9.8 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 812 մլրդ 346.1 մլն դրամ։ Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 1.3 տոկոսով՝ կազմելով 322 մլրդ 828 մլն դրամ։ Նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 8.2 տոկոսի աճ։

Սպառողական գների ինդեքսը հունվար-հունիսին 3.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունիսին՝ մայիսի համեմատ, նվազել է 1.3, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 3.9 տոկոսով։ 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հունիսին 2.1 տոկոսով բարձր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 0.3, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 2.5 տոկոսով։

Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին վեց ամիսներին 0.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտադրվել է 4 մլրդ 325.6 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Հունիսին՝ մայիսի համեմատ, արտադրվել է 6.3 տոկոսով ավելի՝ 616.2 մլն կՎտ.ժամ։ Դա 1.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։

ajax-loader