Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիսի 25-ն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, Երևանում հուլիսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 25-26-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի պարզ կանոնի՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ, օգտագործել SPF 50 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), արևապաշտպան քսուք։
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, խմել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), դրանք պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, ինչպես նաև չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը:
«Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք այս օրերին հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին հանգիստ ռեժիմ վարեն։
Երբեք մի՛ թողեք նորածիններին կամ երեխաներին կայանված մեքենայում, նույնիսկ եթե պատուհանները բաց են»,- հորդորում են ոլորտի մասնագետները։