Կառավարությունը շուրջ 1.568 մլրդ դրամ կուղղի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն վերաբաշխման միջոցով՝ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումներից։
Ըստ նախագծի՝ գումարները կուղղվեն հետևյալ մարզերին. Արմավիրի մարզ-287.9 մլն դրամ՝ Փարաքարի նորակառույց թաղամասի անձրևատար կոլեկտորի վերակառուցման համար, Լոռու մարզ-697.2 մլն դրամ՝ Տաշիրի կամուրջների վերանորոգման, Ալավերդու հենապատերի և փողոցների նորոգման, Սանահին թաղամասի ջրամատակարարման համակարգի արդիականացման և կրթահամալիրներին տանող ճանապարհների նախագծման համար, Կոտայքի մարզ-100 մլն դրամ՝ Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, Շիրակի մարզ-1 մլն դրամ՝ Բավրա բնակավայրում հանրային գերակա շահ ճանաչված հողամասի դիմաց փոխհատուցման պարտավորության կատարում, Սյունիքի մարզ-129.9 մլն դրամ՝ Մեղրիում մանկապարտեզի շրջակա տարածքի դրենաժային համակարգի կառուցման, Սիսիանում բնակելի շենքերի տանիքների վերանորոգման և գույքի գնահատման աշխատանքների համար, Վայոց ձորի մարզ-3.1 մլն դրամ՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, Տավուշի մարզ-322.9 մլն դրամ՝ Իջևանի Սարիգյուղ և Կիրանց բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման համար, Արարատի մարզ-26.1 մլն դրամ՝ Զանգակատան ջրամբարի ոռոգման ցանցի նոր ջրատարի կառուցման համար։
Նշվում է, որ մի շարք ծրագրեր իրականացվում են արդեն սկսված նախաձեռնությունների շարունակականության շրջանակում։