Խամաճիկների թատրոնը «Ոսկե» դիպլոմով է վերադարձել Սանկտ Պետերբուրգի «Կուկարտ-XVII» փառատոնից

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին ներկայացել է ռեժիսոր  Սամսոն  Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությամբ։ 

Ներկայացումը բարձր գնահատականի են արժանացրել ինչպես հանդիսատեսը, այնպես էլ տիկնիկային արվեստի մասնագետները, ինչի արդյունքում փառատոնին արժանավայել մասնակցության համար  թատրոնը պարգևատրվել է «Ոսկե» դիպլոմով։ 

«Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնը տիկնիկագործների միակ բարեգործական փառատոն է, որի առաքելությունն է՝ մեկ տիկնիկային թատրոն բոլորի համար: 

Բիենալեի փառատոնը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է 1993 թվականից:

Փառատոնի այս տարվա ծրագիրը բաղկացած է եղել երեք բաժնից՝ «Հիմնական ծրագիր»՝ տիկնիկային թատրոնի լավագույն ներկայացումները, «Հատուկ ծրագիր»՝ «Պետրուշկա Նևսկու վրա»՝ փողոցային ներկայացումները, «Ակումբային ծրագիր»՝ տիկնիկային, փորձարարական կամ սինթետիկ նախագծերի նոր բեմադրություններն ու ներկայացումները։

«Կարապի լիճ»-ը  պատմություն է  արքայազնի  և  կարապ  Օդետի  սիրո  մասին, որը  համարվում  է աշխարհի  լավագույն  սիրո պատմություններից  մեկը։  Թեև ներկայացումը  նախատեսված  է  ավելի  հասուն  հանդիսատեսի  համար, այնուամենայնիվ  Խամաճիկների  թատրոնի  պարզ  և  հասանելի  բեմադրության  շնորհիվ  լավ   ընդունելության արժանացավ  երեխաների  կողմից: 

Փառատոնի շրջանակում թատրոնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի մարիոնետների և Սանկտ Պետերբուրգի Տիկնիկային մեծ թատրոնի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում փորձի փոխանակման նպատակով ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար: 

Ըստ պայմանավորվածության՝ կլինեն փոխադարձ այցելություններ Երևան և Սանկտ Պետերբուրգ: Հաշվի առնելով ներկայացման նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը՝ հրավերներ են ստացել ելույթներ ունենալու Մոսկվայում, Եկատերինբուրգում և Կրասնոդարում: 

ajax-loader