Գազի նոր հանքավայր է հայտնաբերվել Կիպրոսի ափերին

ExxonMobil-ը և Qatar Energy-ն Կիպրոսի ափամերձ գոտում բնական գազի նոր հանքավայր են հայտնաբերել, ինչը մեծացնում է տարածաշրջանի՝ էներգիայի խոշոր արտահանող դառնալու հեռանկարները։

Կիպրոսի կառավարության խոսնակ Կոստանտինոս Լետիմպիոտիսի խոսքով՝ ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է Pegasus-1 հորատանցքում հայտնաբերված հանքավայրի մասին։ Հորատանցքը գտնվում է կղզուց մոտ 190 կմ հարավ-արևմուտք՝ ավելի քան 1900 մետր խորության վրա։ Պաշարների ծավալը դեռևս չի բացահայտվել. առաջիկա ամիսներին անհրաժեշտ կլինի լրացուցիչ հետազոտություններ՝ դրանք գնահատելու համար։

Մասնագետները նշում են, որ գազի նոր հայտնաբերումները կարող են օգնել Եվրոպային նվազեցնել ռուսական էներգիայից կախվածությունը և զարգացնել Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի միջև էներգետիկ համագործակցությունը։

ExxonMobil-Qatar Energy կոնսորցիումը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ունի երկու բլոկի հետախուզման լիցենզիաներ: Նրանք նախկինում հայտնաբերել են Գլաուկուս-1 հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 3.7 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ: Ընդամենը 14 տարվա ընթացքում Կիպրոսի տնտեսական գոտում հայտնաբերվել է վեց խոշոր գազային հանքավայր, այդ թվում՝ Աֆրոդիտեն, որը մինչ օրս ամենամեծն է՝ մինչև 5.6 տրիլիոն խորանարդ ֆուտ պաշարներով:

Իշխանությունները նաև քննարկում են ExxonMobil-ի, Eni-ի և Total-ի միջև համագործակցության հնարավորությունը մոտակա հանքավայրերը համատեղ զարգացնելու համար:

ajax-loader